Սոցիալական ցանցեր


ԶԼՄ-ների համար

Մատենադարանի գործունեության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար ԶԼՄ-ները կարող են դիմել՝
Էլ.փոստ՝ matenadaran.press@matenadaran.am

Ցուցասրահ՝ +374-10-562578
Տոմսարկղ՝ +374-10-513014
Ընդունարան` +374-10-513000

Համալրումներ

Մատենադարանի հավաքածուների համալրումներ:

Թվային ռեսուրսներ

Տեսանյութ

Երևան քարտ

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ

    Մատենադարանի ցուցադրական համալիրը, որը գտնվում է հին կոթողային շենքում, նախկին 1 ցուցասրահի փոխարեն այժմ բաղկացած է 12 ցուցասրահներից, որտեղ ներկայացվում են հազարավոր ցուցանմուշներ՝ նախատեսված ժամանակավոր, փոփոխական և բացառիկ ցուցադրությունների համար։ Մատենադարանի ավելի քան 20.000 ձեռագրային շտեմարանից ցուցադրվում են ձեռագրերի պատառիկներ,  վավերագրեր, թանկարժեք կազմերի նմուշներ, առանձին մանրանկարներ և այլն
   Ցուցասրահը բացվել է 1957 թ., միայն մեկ սրահում, երբ Մատենադարանի հիմնական շենքը շահագործման է հանձնվել: Հետագայում ավելացել է ևս մեկը, մինչ նոր մասնաշենքի կառուցվելը (2011 թ.), ուր տեղափոխվել են գիտական բաժինները, իսկ կոթողային շենքն այժմ հիմնականում հատկացված է ցուցասրահներին, միաժամանակ պահպանվել են աշխատասենյակները, լաբորատորիաները և ստրատեգիական պահոցները։
  Կենտրոնական սրահի ցուցադրությունն ընդհանուր գաղափար է տալիս դարերի ընթացքում հայոց միջնադարյան գիտության, գրականության և արվեստների զարգացման մասին: Այն ներկայացնում է հայոց մշակույթը՝ սկսած Մեսրոպ Մաշտոցի կողմից հայկական գրերի գյուտից (405 թ.) մինչև XVIII դար: Ներկայացված են հին հայերեն թարգմանություններ, միջնադարյան գիտության և արվեստի բոլոր բնագավառներին (պատմագրություն, փիլիսոփայություն, ճշգրիտ գիտություններ, տիեզերագիտություն, բժշկություն, գրականություն և այլն) վերաբերող աշխատություններ, նվիրատվություններ, ինչպես նաև միջնադարյան հայկական մանրանկարչության և կազմերի ընտիր նմուշներ: Սրահի ցուցադրությունը համալրվել է ցեղասպանությունից փրկված ձեռագրական նմուշներով:
Ձեռագրերից առավել հայտնի են Մշո Ճառընտիրը (ցուցադրված է Մշո Ճառընտիրի առաջին կեսը), Կիլիկյան մանրանկարչության ձեռագրեր (Թորոս Ռոսլինի դպրոց): Ցուցադրությունը համալրված է նաև բազմաթիվ ձեռագրերի թվային պատճեններով՝ ներկայացված էլեկտրոնային մոնիտորներով:

Միջնադարյան բժշկության սրահը կզարմացնի այցելուներին ձեռագիր բժշկարաններով, որոնք ունեն ոչ միայն պատմական ու տեսական, այլև արդիական ու կիրառական նշանակություն: Մատենադարանի միջնադարյան հայկական բժշկագիտության լաբորատորիայում՝ միայն հայկական լեռնաշխարհում աճող անուշաբույր ու հազվագյուտ բույսերից ու որդան կարմրից պատրաստվում են առողջարար և կազդուրիչ «արքայական»  բալասաններն ու ծաղկաթեյերը, «ազնվազարմ տիկնանց» համար նախատեսված մաշկը թարմացնող ու երիտասարդացնող յուղերը: Միջնադարյան դեղատոմսերով պատրաստված եզակի հուշանվերները վաճառվում են միայն Մատենադարանում, և մեր այցելուներն իրենց հետ կարող են տանել օգտակարի հետ նաև հիշարժանը: Ներկայացված են նաև այն նյութերը, որոնցից պատրաստվել են ներկերը և Սրբալույս Մյուռոնի բաղադրությունը:  
  Նախասրահում կարելի է տեսնել հայկական գրչարվեստի կենտրոնների տարածվածությունը: Ներկայացված է նաև հայերեն լեզվով տպագրված առաջին քարտեզը (Ամստերդամ, 1695 թ.):
  
  Հնատիպ գրքերի երկու սրահում ներկայացված են XVI-XVIII դարերի հայերեն և այլալեզու արժեքավոր և հազվագյուտ գրքեր՝ տպագրված ամենատարբեր երկրներում և քաղաքներում (Վենետիկ, Ամստերդամ, Կոստանդնուպոլիս, Նոր-Ջուղա, Փարիզ, Մարսել, Լվով, Մադրաս, Հռոմ, Մոսկվա, Աստրախան, Պետերբուրգ և այլուր): Առաջին հայերեն գրքերը տպագրվել են Վենետիկում 1512-1513 թթ. Հակոբ Մեղապարտի կողմից: 
  

    Այժմ Մատենադարանի թանգարանային համալիրում այցելուներին և հյուրերին բացատրություններ են տրվում 9 լեզուներով` հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն, պորտուգալերեն և արաբերեն:

  Մատենադարանն աշխատում է ամեն օր, բացի կիրակի, երկուշաբթի և տոն օրերից, ժամը 10:-ից 17:00:
  Դրամարկղը աշխատում է մինչև ժամը 16.30:
  Խմբով (ավելի քան 5 հոգի) այցելությունների  համար անհրաժեշտ է նախօրոք պայմանավորվել.
  հեռ. 56 25 78:
  ԳՆԱՑՈՒՑԱԿԸ



Ցուցասրահների վարիչ` Աիդա Չարխչյանը
Էլ.փոստ` contact@matenadaran.am
Հեռախոս`(010)51-30-45 ներքին`2-48


'