ՀԻՆ ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԵՎ ՍԿԶԲՆԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ԲԱԺԻՆ

  Բաժինը կազմավորվել է Մատենադարանի հիմնադրման առաջին իսկ օրերից: Ի սկզբանե, բաժնի հիմնական առաքելությունն ու խնդիրներն են եղել ուսումնասիրել և հրատարակել անտիպ և չհետազոտված բնագրերը: Բաժնի առաջին վարիչը 1959 թ. եղել է Սեն Արևշատյանը, ով, 1982 թ. ընտրվելով Մատենադարանի տնօրեն, բաժնի վարիչի պաշտոնը փոխանցել է Արտաշես Մարտիրոսյանին: 1999 թվականից բաժնի վարիչ է Մանեա (Էռնա) Շիրինյանը: Այս բաժնում են աշխատել մի շարք անվանի գիտնականներ՝ Գևորգ Աբգարյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը և այլք:
  1995 թ. հրատարակվում է բաժնի առաջին հայագիտական պարբերագիրքը՝ «Աշտանակը»: Սկսած «Աշտանակ» երրորդ հատորից՝ պարբերագրքում տեղ են գտնում նաև արտերկրյա հայագետների հոդվածներն իրենց բնագիր լեզուներով:
  1998 թ. բաժինն սկսում է պատրաստել երկրորդ պարբերագիրքը՝ "ARMENIACA" («ՀԱՅԿԱԿԱՆՔ»), որի առաջին հատորը լույս է տեսնում 2002 թ.: Մատենագիտական բնույթի հայագիտական այս հանդեսը ներառում է տարվա ընթացքում Հայաստանում տպագրված բոլոր հայագիտական ուսումնասիրությունների գրախոսականները: "ARMENIACA"–ի հիմնական նպատակն է հայագիտական ուսումնասիրությունները հասու դարձնել արտերկրի  հայագետներին, և այն մասնագետներին, որոնք հնարավորություն չունեն ծանոթանալու կամ  գնելու Հայաստանում տպագրվող գրքերն ու ամսագրերը: Այդ իսկ պատճառով հանդեսը հրատարակվում է անգլերեն լեզվով:
  Վերջին 10 տարիների ընթացքում բաժնում կատարվել են բազում տեքստերի հետազոտություններ, որոնցում մեծ մասամբ ներկայացված են դրանց քննական բնագրերը՝ համալրված թարգմանություններով (աշխարհաբար կամ ռուսերեն, երբեմն էլ անգլերեն լեզուներով), ներածությամբ և ծանոթագրություններով: Դրանցից են, օրինակ, Դավիթ Անհաղթին վերագրվող «Արիստոտելի մեկնութիւն Ստորոգութեանցն, Մեկնութիւն ի Վերլուծականն Արիստոտէլի», [Արիստոտելի] «Յաղագս առաքինութեանց», Աթանաս Ալեքսանդրացու երկերի հայերեն բնագրերը, «Մովսես Խորենացու Հայոց պատմությունը և 10-րդ դարի հայ պատմագրությունը», «Մովսես Խորենացու բնագրի պատմությունը», «Մովսես Խորենացու հունական աղբյուրները», Հովհաննես Դրասխանակերտցու «Հայոց Պատմությունը», «Հունաբան դպրոցը և 5-10-րդ դարերի հայ պատմագրությունը», Աստվածաշնչի հայկական ընկալյալ կամ ընդունված բնագրի (“textus receptus”)  հետ կապված հարցերի ուսումնասիրությունները և քննությունները, «Կանոնագիրք Հայոցի» հունարենից թարգմանված եկեղեցական կանոնների հետազոտությունները, «Հովասափի և Բարաղամի» պատմությունը, «Սեղբեստրոսի Վարքը», Գրիգոր Աբասի որդու «Գիրք պատճառացը»  և այլն:
  Բացի նշված տեքստերից բաժնի գիտաշխատողները կատարել են նաև հայ մեկնողական գրականության  (թե՛ աստվածաշնչային և թե՛ փիլիսոփայական մեկնությունների) վերաբերյալ աշխատություններ, հայերեն ձեռագրերի կազմերի և կազմարարական դպրոցների բացահայտմանը  նվիրված ուսումնասիրություններ, բյուզանդական և հայկական քաղաքական և մշակութային կապերին վերաբերյալ հետազոտություններ և այլն:




Բաժնի վարիչ` Մանեա (Էռնա) Շիրինյան
պատմական գիտությունների դոկտոր
Էլ.փոստ`

e.shirinyan@matenadaran.am

Հեռախոս`ներքին` 1-87
                   
'