ԹՎԱՅՆԱՑՄԱՆ ԵՎ ԿԱՅՔԷՋԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԲԱԺԻՆ

  Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանը ձեռագիր հավաքածուների թվայնացման և կայքէջի սպասարկման աշխատանքներն սկսել է 2007 թ. և ներկայումս աշխատանքներն այդ ուղղությամբ ակտիվորեն շարունակվում են։
  Հին ձեռագրերի թվայնացման ոլորտում, ինչպես նաև այդ գործընթացում կիրառվող տեխնոլոգիաների տեսակետից Մատենադարանը զգալի փորձ է կուտակել։ Ձեռագրերի թվայնացումը ժամանակի հրամայականն է առաջին հերթին այն պատճառով, որ նյութական հիմք ունեցող մշակութային արժեքները վաղ թէ ուշ մաշվում են, այնինչ նոր տեխնոլոգիաները թույլ են տալիս անխաթար պահպանել այդ արժեքների թվային պատկերները և փոխանցել ապագա սերունդներին։
  Ձեռագրերի և արխիվային վավերագրերի շտեմարանները տեղակայված են Մատենադարանի սերվերային  համակարգում։ Թվայնացված ձեռագրերի եւ արխիվային վավերագրերի սպասարկումը կատարվում է Մատենադարանի ընթերցասրահում տեղադրված համակարգիչների միջոցով։
  Թվայնացման բաժնի հիմնական գործառույթներն են.
1. Թվայնացնել միջնադարյան ձեռագիր գրքերը, արխիվային փաստաթղթերը և վավերագրերը, ինչպես նաև Մատենադարանի գրադարանում պահվող հայագիտական գրականությունն ու մամուլի հավաքածուները։
2. Ինդեքսավորել և թվային շտեմարաններում տեղադրել ձեռագրերի և վավերագրերի թվային պատկերները։
3. Ստեղծել համապատասխան ծրագրաշարեր՝ թվայնացված տեղեկատվությունը համակարգելու համար։
4. Ստեղծել թեմատիկ շտեմարաններ՝ ըստ միջնադարագիտության ուղղությունների։
5. Սպասարկել Մատենադարանի գիտաշխատողներին և արտերկրի հայագետներին՝ ըստ ներկայացված դիմումների։
6. Մատենադարանի ալբոմային հրատարակությունների համար պատրաստել մանրանկարների բարձրորակ թվային պատկերներ (300-400 dpi, TIFF)։ Դրսի օգտվողների համար նման ծառայությունը մատուցվում է տնօրինության հատուկ թույլտվությամբ՝ ըստ կնքված պայմանագրերի։
7. Դրսի օգտվողներին, ըստ նրանց ներկայացրած դիմումների, տրամադրել ձեռագրերի և արխիվային վավերագրերի թվային պատկերներ՝ ըստ տնօրինության հաստատած չափանիշների և գնացուցակի։
8. Պատրաստել և Մատենադարանի կայքէջում տեղադրել  Մատենադարանի գործունեությունը լուսաբանող տեքստային և այլ ձևաչափերի տեղեկատվություն։
9. Լրացնել կայքէջում տեղադրված շտեմարանները («Մայր ցուցակ», «Մատենագիրք Հայոց», «Բանբեր Մատենադարանի», Պատկերասրահ)։
10. Հետևել Մատենադարանի կայքէջի անխափան աշխատանքին։


Բաժնի աշխատանքների համակարգող` Գուրգեն Գասպարյան
Էլ.փոստ` g.gasparyan@matenadaran.am
Հեռախոս`(010) 513029 ներքին` 1-97

'