ՁԵՌԱԳՐԱՏՈՒՆ

  Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանի  ձեռագրատանն են պահվում մոտ 23.000 ձեռագրեր, պատառիկներ և հմայիլներ: Պահպանման ժամանակակից միջոցներով ապահովված ձեռագրապահոցում են գտնվում ա) հայերեն հիմնական ձեռագրերի, բ) հայերեն նորագույն ձեռագրերի, գ) հայերեն պատառիկների, դ) հայերեն հմայիլների, ե) արաբատառ ձեռագրերի, զ) արաբատառ պատառիկների, է) արաբատառ հմայիլների, ը) այլալեզու ձեռագրերի, թ) այլալեզու պատառիկների հավաքածուները:
  Ձեռագրերն ունեն մայր քարտեր: Ստեղծվել են պատմագրության, փիլիսոփայության, քերականագիտության, աշխարհագրության, տիեզերագիտության, բժշկության, ալքիմիայի, գեղարվեստական գրականութեան (չափածո և արձակ) հեղինակային այբբենական ցուցակներ: Ստեղծվել են նաև Ճառընտիրներում ու Գանձարաններում ընդգրկված նյութերի ցանկեր, ինչպես նաև ծիսամատյանների ցուցակ (Յայսմաւուրք, Մաշտոց և այլն):
  Ձեռագրատանն են պահվում նաև օժանդակ հավաքածուներ` Մատենադարանի և այլ վայրերի ձեռագրերի միկրոֆիլմերի, լուսապատճենների, սահիկների (սլայդների), անտիպ ձեռագրացուցակների և այլն:
Ձեռագրապահոցը գտնվում է Մատենադարանի գիտական մասնաշենքի երկրորդ հարկում: Պահոցի ներսում գործում է ներքին ընթերցասրահ, որտեղ հատուկ թույլտվությամբ ընթերցողներին է տրամադրվում ձեռագրերի բնօրինակները:
  Պահոցում ջերմակայունացման և հակահրդեհային ժամանակակից համակարգերի շնորհիվ կատարյալ պայմաններ են ապահոված ձեռագրերի պահպանության համար:




Գլխավոր ավանդապահ` Գևորգ Տեր-Վարդանյան
պատմական գիտությունների դոկտոր
Էլ.փոստ` g.ter-vardanyan@matenadaran.am
Հեռախոս`(010) 510007 ներքին` 1-10

'