ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԲԱԺԻՆ

  Վերականգնման բաժինը կազմավորվել է Մատենադարանի՝ Երևան տեղափոխվելու տարեթվին՝ 1939թ.: Ներկայումս այն միակ նմանատիպ կառույցն է տարածաշրջանում: Բաժինը զբաղվում է խոնավության, կրակի, սնկերի, մանրէների, կրծողների ու միջատների քայքայիչ ազդեցությանը ենթարկված թղթյա և մագաղաթյա ձեռագրերի, արխիվային փաստաթղթերի, մանրանկարների և գրաֆիկական աշխատանքների կոնսերվացմամբ և վերականգնմամբ: 
  Բաժինը կահավորված է ժամանակակից սարքավորումներով և աշխատում է բացառապես  ավանդական մեթոդներով՝ կիրառելով պահպանող-վերականգնողների  եվրոպական կազմակերպությունների դաշնության (E.C.C.O.) կողմից երաշխավորված նորագույն տեխնոլոգիաներ:
  Բաժնի գործունեության շրջանակներն են՝
•  ձեռագրերի  և վավերագրերի  միկրոկենսաբանական և միջատաբանական զննում, դրանց  հետագա ախտահանում և բուժում:
•  թանաքների թթվայնության որոշում և չեզոքացում
•  բոլոր տեսակի կաշվե կազմերի վերականգնում և պահպանում
•  մագաղաթի փափկեցում, դեֆորմացիաների և այլ վնասվածքների վերացում և վերականգնում
• ձեռագրերի, հնատիպ գրքերի և վավերագրերի կոնսերվացում, պատռվածքների ամրացում, թերթերի կորսված մասերի վերականգնում, մանրանկարների վիճակի զննում և ամրացում
•  միջնադարյան արծաթակազմ ձեռագրերի կազմերի նորոգում և դրանց վերակազմում իրենց սկզբնական տեսքով
•  նոր, բուսական ծագում ունեցող հականեխիչ  նյութերի ուսումնասիրում և նրանց փորձարկման ուղիների որոնում
• ժամանակակից սարքավորումներով միջնադարյան հայկական ձեռագրերի պիգմենտների քիմիական կառուցվածքների խորացված ուսումնասիրում, ներկերի ամրացման նոր ուղիների որոնում
•  Մատենադարանի ձեռագրերի, հնատիպ գրքերի և վավերագրերի ֆիզիկական վիճակի մոնիթորինգ
•  միջնադարյան թղթերի և մագաղաթի ծերացման ընթացքը կասեցնելու նոր, ոչ տոքսիկ պոլիմերային նյութերի ուսումնասիրում
•  մասնագետների ուսուցում և վերապատրաստում:
  Բաժինը գործակցում է արտասահմանյան հայտնի կենտրոնների հետ (Բեռլինի ազգային գրադարան, Իտալիայի Գրքերի պաթոլոգիայի ինստիտուտ, Սանկտ-Պետերբուրգի Էրմիտաժ թանգարան):
  Վերականգնման բաժինը Մատենադարանի հավաքածուների պահպանման և վերականգնման աշխատանքներից բացի աշխատանքներ է տանում Հայաստանի թանգարանների և գրադարանների,  ինչպես նաև սփյուռքի նույնատիպ  հավաքածուների կոնսերվացման և վերականգնման ուղղությամբ:




Բաժնի վարիչ` Գայանե Էլիազյան
քիմիական գիտությունների թեկնածու
Էլ.փոստ` g.eliazyan@matenadaran.am
Հեռախոս`(010) 510017 ներքին` 1-30
   
'