ԳՐՔԵՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ-ԳԱՆՁԱՍԱՐ ԳԻՏԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ: ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻՆ, ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

  Ապրիլի 18-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի մասնաճյուղում՝ Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում կայացավ Մատենադարանի արխիվային բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Մալխասյանի «Հայկական կազմարարության Արցախ-Ուտիքի դպրոցը» գրքի շնորհանդեսը, ինչպես նաև Ստեփանոս Երեցի «Հանգիտագիրք» պատմագրքի գրաբար բնագրի և աշխարհաբար փոխադրությամբ գրքի շնորհանդեսը: Շնորհանդեսին ներկա էին Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը, ԱՀ գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը, Թեհրանի Փերիո Կրթասիրաց միության պատվիրակությունը, Արցախի պետական համալսարանի պրոֆեսորադասապոսական կազմը, հոգևորականներ, ուսանողներ և այլ հյուրեր:
  Շնորհանդեսը մեկնարկեց Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Սրբազանի օրհնության խոսքով:
  Բացման խոսքով հանդես եկավ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը: Մատենադարանի տնօրենը ընդգծեց, որ նմանօրինակ միջոցառումները շատ կարևոր են Արցախի համար, քանի որ ստեղծում են գիտական միջավայր և մթնոլորտ, ինչը կարող է արմատապես փոխել օտարերկրացիների պատկերացումներն Արցախի մասին:
-Օտարերկրացիները պետք է հստակ հասկանան, որ արցախցիները ոչ միայն պայքարում են իրենց ազատ ինքնորոշման իրավունքի համար, այլև միաժամանակ ծավալում են գիտական եւ մշակութային ակտիվ գործունեություն,- մասնավորապես նշեց Մատենադարանի տնօրենը: Այնուհետեւ ելույթներով հանդես եկան ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարն ու ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարը:
Նախարարների ելույթներին հաջորդեց «Հայկական կազմարարության Արցախ-Ուտիքի դպրոցը» գրքի հեղինակի՝ Արմեն Մալխասյանի զեկույցը: Վերջինս հանդես եկավ հայկական կազմարարության Արցախ-Ուտիքի դպրոցի մասին հետաքրքիր և բովանդակալից դասախոսությամբ:
  Գիրքը հրատարակվել է ԱՀ Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության աջակցությամբ: Գրքում Երևանի Մատենադարանի ձեռագրերի հավաքածուի հիման վրա ներկայացված է հայկական կազմարարության Արցախ-Ուտիքի դպրոցը, բերված են ԺԸ դ. Բ կեսին ստեղծված կաշվե կազմերի նմուշներ:
  Գիրքը նախատեսված է պատմաբանների, ձեռագրագետների, արձանագրագետների, արվեստաբանների և ընթերցող լայն հասարակայնության համար:
«Հայկական կազմարարության Արցախ-Ուտիքի դպրոցը» գրքի շնորհանդեսին անմիջապես հաջորդեց Ստեփանոս Երեց Հազարջրիբեցու «Հանգիտագիրք» պատմագրքի գրաբար բնագրի և աշխարհաբար փոխադրությամբ գրքի շնորհանդեսը: Բնագիրը հրատարակվել է Ջուղայի թիվ 654 ձեռագրի հիման վրա: Բնագիրը պատրաստել և աշխարհաբարի են փոխադրել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ավագ գիտաշխատողներ Թամարա Մինասյանը և Լուսինե Թումանյանը: Առաջաբանը գրել է պ. գ. դ., իրանագետ Վահան Բայբուրդյանը, իսկ ծանոթագրությունները՝ Վահան Բայբուրդյանը և Մատենադարանի ավագ գիտաշխատող, իրանագետ Հասմիկ Կիրակոսյանը:
  Գիրքը հրատարակվել է Թեհրանի «Ալիք» տպարանում՝ Փերիո Կրթասիրաց միության վարչության նախաձեռնությամբ: Գրքի մասին շնորհանդեսի մասնակիցներին պատմեցին Մատենադարանի ավագ գիտաշխատող Թամարա Մինասյանը եւ Թեհրանի Փերիո Կրթասիրաց միության անդամ՝ գրքի հրատարակման պատասխանատու Գասպար Ամիրխանյանը:
  Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը Թեհրանի Փերիո Կրթասիրաց միության կողմից ստացավ շնորհակալագիր՝ գրքի երևանյան և արցախյան շնորհանդեսները կազմակերպելու համար:
  Գրքերի շնորհանդեսից հետո ճարտարապետ Ստեփան Նալբանդյանը Մատենադարան- Գանձասար գիտամշակութային կենտրոնին կատարեց նվիրատվություն՝ 1911-1912թթ. Շուշիում լույս տեսած «Ղարաբաղ» գրական-հասարակական թերթի բոլոր համարները, երկու հնատիպ գիրք՝ Շուշիում տպագրված, և 1912 թ. ձեռագիր փաստաթուղթ:
  Այնուհետեւ կայացավ Մատենադարան- Գանձասար գիտամշակութային կենտրոնի աշխատանքներին աջակցություն ցուցաբերած անձանց պարգևատրման արարողությունը: Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը «Մատենադարան» հուշամեդալ հանձնեց Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին, ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանին՝ Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնի աշխատանքներին ցուցաբերած մեծ աջակցության համար, շնորհակալագրեր՝ նվիրատու Ստեփան Նալբանդյանին, Գանձասարի վանահայր Տեր Սահակ վարդապետ Շաքարյանին, Ստեփանոս Երեց Հազարջրիբեցու «Հանգիտագիրք» պատմագրքի գրաբար բնագրի և աշխարհաբար փոխադրությամբ գրքի հրատարակման պատասխանատու Գասպար Ամիրխանյանին:
  Միջոցառումը դաշնամուրային գեղեցիկ համերգով եզրափակեց կոմպոզիտոր, դաշնակահար Սիմոն Սարգսյանը:



ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի
գիտահետազոտական ինստիտուտ


'