Ծառայություններ / Ձեռագրերի և գրքերի նորոգում

Մատենադարանի վերականգնողական բաժինը իրականացնում է հետևյալ գործողությունները ձեռագրերի, մագաղաթների, պատառիկների և հնատիպ  գրքերի վերականգնման համար՝

-միկ
րոկենսաբանական և միջատաբանական զննում, թանաքների թթվայնության որոշում և չեզոքացում
- բոլոր տեսակի կաշվե կազմերի վերականգնում և պահպանում
-մագաղաթի փափկեցում, դեֆորմացիաների և այլ վնասվածքների վերացում և վերականգնում,
-ձեռագրերի, հնատիպ գրքերի և վավերագրերի կոնսերվացում, պատռվածքների ամրացում, թերթերի կորսված հատվածների վերականգնում։
  
   Աշխատանքների ամենակարևոր մասն է կազմում նմուշների կոնսերվացումը, որը ներառում է  հետևյալ փուլերը.
- նմուշի ֆիզիկական վիճակի ֆոտոֆիքսում և փաստագրում
-կենսաբանական հետազոտություն սնկերի և նրանց սպորների, ինչպես նաև մանրէների բացահայտում, նմուշների ախտահանում և բուժման ուղիների ընտրություն՝ համապատասխան սնկերի  դեմ  պայքարելու նպատակով
- փոշեհանում  և զանազան բծերի վերացում (մոմերի, յուղի, ֆոքսինգի, ինչպես նաև անհայտ բնույթի  բծերի)
- մանրանկարների վիճակի ուսումնասիրում և անհրաժեշտության դեպքում` մանրանկարների ամրացում
- թթվայնության աստիճանի որոշում և անհրաժեշտության դեպքում թանաքների չեզոքացում
-ձեռագրերի կազմերի ախտահանում և բուժում:
   Վերը նշված աշխատանքներից հետո կատարվում է նմուշի վերականգնում, որի ընթացքը  կախված է վնասվածության աստիճանից և կատարվում է ձեռագրի պատմական տեսքը պահպանելու սկզբունքով:
   Ձեռագիրը քանդվում է միայն այն դեպքում, երբ գրեթե չունի նախնական ձևավորված
որևէ տեսք, վնասվածության աստիճանը գնահատվում է ծայրահեղ վատ և վտանգված է լինում ձեռագրի հետագա գոյությունը:
   Կատարվում է պատռվածքների  ամրացում և կորուստների լրացում, օգտագործվում են հատուկ ճապոնական թղթեր և բնական սոսինձներ:
Մագաղաթյա նմուշները վերականգնվում են խոնավացման և հարթեցման փուլերից   հետո, օգտագործվում են  մագաղաթյա կամ ձկան սոսինձներ և վերականգնողական մագաղաթ կամ ճապոնական թղթեր:
   Տպագիր գրականությունը և մամուլը վերականգնվում են թղթալցնող սարքի օգնությամբ, օգտագործվում է հատուկ թղթի զանգված և մեթիլցելյուլոզա:

Աշխատանքային օրեր՝ երեքշաբթի-շաբաթ 10։30 մինչև 16։00
Բաժինը գտնվում է Մատենադարանի գիտական մասնաշենքի 2-րդ հարկում, հեռ.` 51 00 17


'