Թվային ռեսուրսներ / Թվայնացված ձեռագրեր

  Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանը ձեռագիր հավաքածուների թվայնացման աշխատանքներն սկսել է 2007թ. և ներկայումս աշխատանքներն այդ ուղղությամբ ակտիվորեն շարունակվում են։
  Հին ձեռագրերի թվայնացման ոլորտում, ինչպես նաև այդ գործընթացում կիրառվող տեխնոլոգիաների տեսակետից Մատենադարանը զգալի փորձ է կուտակել։ Ձեռագրերի թվայնացումը ժամանակի հրամայականն է առաջին հերթին այն պատճառով, որ նյութական հիմք ունեցող մշակութային արժեքները վաղ թէ ուշ մաշվում են, այնինչ նոր տեխնոլոգիաները թույլ են տալիս անխաթար պահպանել այդ արժեքների թվային պատկերները և փոխանցել ապագա սերունդներին։
  Ընդհանուր հաշվարկով այժմ թվայնացված ձեռագրերի թիվը հասել է շուրջ 4000-ի։
  Ստորև ներկայացված են հայտնի ձեռագրերից մի քանիսի թվային տարբերակները։


Կիլիկյան Հայաստանի արքա Հեթում Բ-ի Ճաշոցը միջնադարյան Հայաստանի գրքարվեստի գլուխգործոցներից է և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ամենահայտնի ձեռագրերից մեկը:
   Սույն էլեկտրոնային հրատարակությամբ առաջին անգամ փորձ է արվել հայ արվեստով հետաքրքրվող ընթերցողին ներկայացնել ամբողջական Ճաշոցը իր ողջ շքեղությամբ` ձեռագրի էջերի և մանրանկարների գերբարձր որակի լուսապատճեններով և դրանք ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրելու նոր տեխնոլոգիական հնարավորություններով:

LECTIONNAIRE DU ROI HETUM II

Հեթում Բ Արքայի Ճաշոցը



   Ավետարան XV դար. ամբողջական և վերջնական տարբերակը տեղադրված է Մատենադարանի կայքէջի թվային գրադարանում: Մատենադարանի ֆոնդերում առկա այլ ձեռագրեր,  մանրանկարներ և նյութեր, որոնց խորը ուսումնասիրությունը հնարավոր է նորագույն տեխնոլոգիական լուծումների կիրառման շնորհիվ։



   Ութ մանրանկարիչների ավետարան: Այս ավետարանը Կիլիկյան եզակի ձեռագրերից մեկն է ինչպես նկարազարդող նկարիչների թվով, այնպես էլ մանրանկարների քանակով, որոնք տեղավորված են բնագրի էջերի միջև (մոտ 280): Ձեռագրի նկարազարդումը սկզբում (հավանաբար XIII դարի 60 - 70-ական թվականներին) հանձնարարված է եղել վեց նկարիչների։ Այս արտասովոր երևույթը թերևս պետք է բացատրել նրանով, որ նկարելու համար շատ սյուժեներ են նախատեսվել։ Բայց անհայտ պատճառներով պատվերը չի ավարտվել։ Ձեռագիրը ժամանակին պահվելիս է եղել Օշին թագավորի գրադարանում, որը 1320 թվականին այն նվիրում է Սեբաստիայի Ստեփաննոս եպիսկոպոսին։ Վերջինիս հանձնարարությամբ ականավոր նկարիչ Սարգիս Պիծակն իր աշակերտի հետ ավարտին է հասցնում հիմնական  աշխատանքը։

  

   Նոր կտակարան: XIII - XIV դարերում հայ մշակույթի պատմության մեջ մեծ դեր է խաղացել Սյունյաց նահանգում գտնվող Գլաձորի նշանավոր վանքը։ Գիտնական վանահայրերը, ինչպես, օրինակ, Եսայի Նչեցին, այստեղ համալսարան և նկարչական արհեստանոցներ են հիմնել։ Գլաձորի վանքը մշտական կապեր է ունեցել Կիլիկիայի և նրա վանքերի հետ։ Գլաձորի նկարիչներից հատկապես առանձնանում են երկուսը` Մոմիկը և Թորոս Տարոնացին։


Մոմիկ, ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆ 1302թ.


Սիմեոն Լեհացու «Ուղեգրության» միակ ձեռագիր օրինակը, որը պահվում է Վարշավայի Ազգային Գրադարանում։

«Ուղեգրություն», 17-րդ դար
'