ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆՀԱՄԱԼԻՐԸ

Մատենադարանի թանգարանային համալիրը, որը գտնվում է հին կոթողային շենքում, նախկին 1 ցուցասրահի փոխարեն այժմ բաղկացած է 15 ցուցասրահներից, որտեղ ներկայացվում են հազարավոր ցուցանմուշներ՝ նախատեսված ժամանակավոր, փոփոխական և բացառիկ ցուցադրությունների համար։ Մատենադարանի շուրջ 20.000 ձեռագրային շտեմարանից ցուցադրվում են ձեռագրերի պատառիկներ,  վավերագրեր, հնատիպ գրքեր, թանկարժեք կազմերի նմուշներ, առանձին մանրանկարներ և այլն:
   Ցուցասրահը բացվել է 1957 թ., միայն մեկ սրահում, երբ Մատենադարանի հիմնական շենքը շահագործման է հանձնվել: Հետագայում ավելացել է ևս մեկը, մինչ նոր մասնաշենքի կառուցվելը (2010 թ.), ուր տեղափոխվել են գիտական բաժինները, իսկ հիմնական շենքը այժմ հիմնականում հատկացված է ցուցասրահներին, միաժամանակ պահպանվել են աշխատասենյակները, լաբորիատորաները և ստրատեգիական պահոցները։
  Կենտրոնական սրահի ցուցադրությունը ընդհանուր գաղափար է տալիս դարերի ընթացքում հայոց միջնադարյան գիտության, գրականության և արվեստների զարգացման մասին: Այն ներկայացնում է հայոց մշակույթը սկսած Մեսրոպ Մաշտոցի կողմից հայկական գրերի գյուտից (405 թ.) մինչև XVIII դար: Ներկայացված են հին հայերեն թարգմանություններ, միջնադարյան գիտության և արվեստի բոլոր բնագավառներին (պատմագրություն, փիլիսոփայություն, ճշգրիտ գիտություններ, տիեզերագիտություն, բժշկություն, գրականություն և այլն) վերաբերող աշխատություններ, նվիրատվություններ, ինչպես նաև միջնադարյան հայկական մանրանկարչության և կազմերի ընտիր նմուշներ:
 
Արցախի ձեռագրերի սրահում ներկայացված են մանրանկարչության այս դպրոցի ստեղծագործությունները, որը  ունի իր գեղարվեստական յուրօրինակությունն ու առանձնահատկությունները: Հետագայում կներկայացվեն  մանրանկարչության այլ դպրոցներ` Բարձր Հայք, Կիլիկիա, Ղրիմ, Կոստանդնուպոլիս և այլն:
  Նոր Ջուղայի ձեռագրերի սրահում ներկայացված են Մատենադարանում պահվող
Սպահանում և Նոր Ջուղայում գրված շուրջ երկու հարյուր  ձեռագրերից հիսունից ավելին՝ նվիրված ամենատարբեր բնագավառներին, այդ թվում նաև շքեղ պատկերազարդված ձեռագրեր՝ Ավետարաններ ու Աստվածաշնչեր, որոնք ներկայացնում են Նոր Ջուղայի հայ գաղութի մանրանկարչության բարձր արվեստը: Այդ ձեռագրերից շատերը նաև ունեն արծաթյա գեղեցիկ բարձրարժեք կազմեր:
  Արևելյան ձեռագրերի սրահում այցելուները ծանոթանում են պարսկերեն, արաբերեն, օսմաներեն, աֆղաներեն, ուզբեկերեն ձեռագրերի հետ, որոնց քանակը Մատենադարանում անցնում է 3.000-ից: Դրանք կրոնական, պատմագրական, փիլիսոփայական, բժշկական, խրատական աշխատություններ են, ինչպես նաև միջնադարյան սիրավեպեր և պոեմներ, ներկայացված են արևելյան մանրանկարչության և գեղագրության հրաշալի նմուշներ:  
  Միջնադարյան բժշկության սրահը կզարմացնի այցելուներին ձեռագիր բժշկարաններով, որոնք ունեն ոչ միայն պատմական ու տեսական, այլև արդիական ու կիրառական նշանակություն: Մատենադարանի միջնադարյան հայկական բժշկագիտության լաբորատորիայում՝ միայն հայկական լեռնաշխարհում աճող անուշաբույր ու հազվագյուտ բույսերից ու որդան կարմրից պատրաստվում են առողջարար և կազդուրիչ «արքայական»  բալասաններն ու ծաղկաթեյերը, «ազնվազարմ տիկնանց» համար նախատեսված մաշկը թարմացնող ու երիտասարդացնող յուղերը: Միջնադարյան դեղատոմսերով պատրաստված եզակի հուշանվերները վաճառվում են միայն Մատենադարանում, և մեր այցելուներն իրենց հետ կարող են տանել օգտակարի հետ նաև հիշարժանը: Ներկայացված են նաև այն նյութերը, որոնցից պատրաստվել են ներկերը և Սրբալույս Մյուռոնի բաղադրությունը: 
  Քարտեզների սրահում կարելի է տեսնել միջնադարյան հայերեն, լատիներեն, հունարեն, արաբերեն և այլ ձեռագրերից արտատպված քարտեզներ, որոնք պատկերացում են տալիս հին աշխարհի և միջնադարի աշխարհագրական գիտելիքների մասին:
Ներկայացված է նաև առաջին հայերեն լեզվով տպագրված քարտեզը /Ամստերդամ, 1695 թ./: 
 Արխիվային փաստաթղթերի սրահում կարելի է ծանոթանալ Մատենադարանի արխիվային ձեռագիր փաստաթղթերի (XIV-XIX դդ.) հավաքածուներին: Մատենադարանի արխիվային փաստաթղթերի հավաքածուի հիմքը կազմել է Էջմիածնի Կաթողիկոսական Դիվանը. այն հետագայում հարստացել է բազմաթիվ նվիրատվությունների շնորհիվ: Այժմ վավերագրերի թիվը հասնում է շուրջ 500.000 միավորի: Այդ սրահում կարելի է ծանոթանալ XIV-XVIII դարերի հայերեն և այլալեզու վավերագրերին՝ պարսից շահերի, օսմանական սուլթանների, ռուսաց ցարերի, Նապոլեոն Բոնապարտի հրամանագրերին, հայոց կաթողիկոսների և եկեղեցական ականավոր գործիչների կողմից ստորագրված կոնդակներին և հայ մեծանուն մշակութային գործիչների և գրողների ինքնագիր նամակներին, հայոց ցեղասպանությունը լուսաբանող լուսանկարներին և փաստաթղթերին:
  Հնատիպ գրքերի երկու սրահներում
ներկայացված են XVI-XVIII դարերի հայերեն և այլալեզու արժեքավոր և հազվագյուտ գրքեր՝ տպագրված ամենատարբեր երկրներում և քաղաքներում (Վենետիկ, Ամստերդամ, Կոստանդնուպոլիս, Նոր-Ջուղա, Փարիզ, Մար
սել, Լվով, Մադրաս, Հռոմ, Մոսկվա, Աստրախան, Պետերբուրգ և այլուր): Առաջին հայերեն գրքերը տպագրվել են Վենետիկում 1512-1513 թթ. Հակոբ Մեղապարտի կողմից:
  Մատենադարանի վիրտուալ սրահում կարելի է ֆիլմեր դիտել հայոց գրերի գյուտի, միջնադարյան հայ գրիչների կատարած հայրենանվեր աշխատանքի, միջնադարյան հայ պատմիչների ու գիտնականների գրած աշխատությունների մասին, տեսնել հայկական հուշարձանների պատկերները, Հայաստանի բնապատկերները, ինչպես նաև արտասահմանյան հեռուստաալիքների Մատենադարանին նվիրված հեռուստատեսային հաղորդումները:   
 
Նվիրատվություններին հատկացված չորս սրահներում այցելուները կարող են տեսնել տարբեր կազմակերպությունների և անհատների կողմից կատարված նվիրատվությունները՝ հայերեն և այլալեզու ձեռագրեր, հմայիլներ, ձեռագրերի նմանատպություններ և այլն: Աչքի են ընկնում հայոց կաթողիկոսներ Վազգեն Ա և Գարեգին Բ-ի, ՀՀ նախագահ Սերժ Սագսյանի, Փյունիկ բարեգործական հիմնադրամի, Հարություն Հազարյանի, Ռաֆայել Մարկոսյանի, Վարուժան Սալաթյանի, Շարլ Ազնավուրի և այլոց նվիրաtվությունները:
Այս սրահներին կից ներկայացված են փրկող, բուժող ու խնդրակատար Շրուշկանի և Շուխոնց Ավետարանները: 

    Այժմ Մատենադարանի թանգարանային համալիրում այցելուներին և հյուրերին բացատրություններ են տրվում 9 լեզուներով` հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն, պորտուգալերեն և արաբերեն:

  Մատենադարանն աշխատում է ամեն օր, բացի կիրակի, երկուշաբթի և տոն օրերից, ժամը 10-ից 17-ը:
  Դրամարկղը աշխատում է մինչև ժամը 16.30:
  Խմբով (ավելի քան 5 հոգի) այցելությունների  համար անհրաժեշտ է նախօրոք պայմանավորվել.
  հեռ. 56 25 78:
  ԳՆԱՑՈՒՑԱԿԸ
'