ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԱՐՓԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆԻ «ՈՍԿԱՆԵԱՆ ԱՍՏՈՒԱԾԱՇՆՉԻ ՊԱՏԿԵՐՆԵՐԸ» ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Գէորգ Տէր-Վարդանեանի խմբագրությամբ և առաջաբանով
Գրքագիտության բնագավառում մինչ այժմ կատարված ուսումնասիրությունները վերաբերել են միայն գրքերի համակարգմանն ու դասակարգմանը` համապարփակ մատենագիտությունների կազմմանը, հիմնականում ծանրաբեռնված են պատմական իրադարձությունների կամ լեզվական-բանասիրական խնդիրների քննությամբ, և երբևէ փորձ չի արվել ուսումնասիրելու փորագրանկարները կամ զարդանախշերը, բացահայտելու վերջիններիս փորագրման եղանակը և ոճական առանձնահատկությունները, փորագրանկարների պատկերագրությունը, հեղինակներին, տպատախտակների աշխարհագրությունը: Հայ տպագիր գրքի գեղարվեստական հարդարանքին նվիրված հետազոտությունը վերն ասվածի ընդհանուր ամփոփումն է:
Հայերեն առաջին տպագիր Աստվածաշունչը տպագրվել է 1666 թ. Ամստերդամի Ս. Սարգիս եւ Ս. Էջմիածնի տպարանում` արքեպիսկոպոս Ոսկան Երեւանցու կողմից: Հայերեն Աստվածաշնչի տպագրության ձգտումները սկսվել էին ԺԶ. դ. վերջերից: Ոսկանին նախորդած տպագրիչներից շատերը գրատպության ասպարեզ են մտել հենց Աստվածաշունչ հրատարակելու բուն մտադրությամբ, բայց կարողացել են իրագործել այդ ուղու սոսկ նախաքայլը` հասցրել են տպագրել միայն Սաղմոսարանը: Միայն Ոսկանին է հաջողվել տպագրել թե՛ Աստվածաշունչը և թե՛ շատ այլ գրքեր, որովհետև կարողացել է մի կողմից շատ ճկուն ձեւով օգտագործել իր եղբայր Ավետիսի եւ ջուղայեցի այլ առևտրականնների նյութական հնարավորությունները, մյուս կողմից` ինչ-որ ձևով կազմակերպել իր տպագրած գրքերի տարածումը և վաճառքը:
Աստվածաշնչի տպագրության համար իբրև հիմք Ոսկանն օգտագործել է Կիլիկյան Հայաստանի Հեթում Բ. թագավորի պատվերով 1295 թ. գրված ձեռագիր Աստվածաշունչը (այժմ` Մաշտոցյան Մատենադարանի Հմր 180)` ձեռքի տակ ունենալով մի այլ ձեռագիր ևս: Հայկական տպագրության պատմության մեջ Ոսկանի Աստվածաշնչում օգտագործված տառատեսակների քանակն աննախադեպ էր. երեք տեսակի` զարդագիր (թռչնագրեր), գլխագիր և բոլորգիր, ամեն մեկից երկու չափ` մեծ և փոքր, այլև՝ նոտրգիր: Գիրքը միաժամանակ ճոխ նկարազարդված է. ունի 159 պատկեր, որոնց հետ միասին հավանաբար նաև ճակատազարդերի ու վերջնազարդերի պատրաստի գտած և գնված տպատախտակները եվրոպական ոճի են, իսկ թռչնապատկեր զարդագրերը համապատասխանում են հայկական ձեռագրական արվեստին. այսինքն` պատվիրել-ձուլել են տվել տպագրի հիմք` Հեթում Բ. թագավորի ձեռագիր Աստվածաշնչում առկա թռչնագիր զարդագրերի նմանողությամբ: Նշենք, որ հայերեն տպագիր գրքի ձևավորման համար կարևոր նշանակություն են ունեցել նաեւ արևմտաեվրոպական տպագիր գրքի ձևավորման ավանդույթները, որոնք մինչեւ ԺԵ. դարը զարգացման բավական հարուստ ճանապարհ էին անցել:
Ոսկան Երևանցու հրատարակած գրքերում, այդ թվում նաև Աստվածաշնչում հիմնականում տեղ են գտել ծագումով հոլանդացի Քրիստոֆել վան Զիխեմի պատրաստած փորագրանկարները: Ոսկանյան տպարանի հրատարակությունների մեջ օգտագործված գրեթե բոլոր նկարները (փոքր բացառությամբ) Քրիստոֆել վան Զիխեմ Կրտսերի փորագրություններն են, որոնք պատրաստված են Ռաֆաելի, Ալբրեխտ Դյուրերի, Հեն(դ)րիկ Գոլցիուսի, Մարտին վան Հիմսկերկի, Աբրահամ Բլոմարտի և եվրոպական ուրիշ նշանավոր վարպետների հայտնի նկարներից: Վան Զիխեմի փորագրապատկերների մի մասը անմիջական կրկնօրինակներ են նաև Ջերոմ Նադալի (1507-1580) Պատկերազարդ Ավետարանից: Ոսկան Երևանցու հրատարակած գրքերի փորագիր պատկերները ստեղծված են ԺԵ. դարի կեսերին, բարոկկո ոճի ժամանակաշրջանում, որի արմատները գալիս են դեռևս ԺԵ. դարից: Փորագրանկարները վերաբերում են Հին և Նոր Կտակարանների և Տիրամոր պատկերագրական շարքերին: Փորագրանկարները կատարված են փայտե փորագրության երկայնակի եղանակով:
Ոսկանյան Աստվածաշունչը ոչ միայն հայերեն առաջին տպագիր Աստվածաշունչն է, այլև այն քչերից մեկը, որը պարունակում է փորագրապատկերներ: Ներկա հրատարակությունը նվիրված է ճանաչողական բնույթ ունեցող այդ փորագրապատկերներին: Գրքում ամփոփված են Ոսկանի Աստվածաշնչի պատկերները` համապատասխան բացատրություններով: Գրքի նպատակն է «մեր տպագիր եւ ձեռագիր գրքերի եւ ԺԵ. դարի գեղանկարչութեան արուեստի, մասնաւորապէս` պատկերագրութեան եւ յարդարանքի մանրամասների կրած ազդեցութիւնները ուսումնասիրելիս հետազոտողների աշխատանքը դիւրացնելը», գրում է Գէորգ Տէր-Վարդանեանն «Առաջաբանում»:
Գիրքը լույս է տեսել «Սարգիս Գաբրիէլեան» հիմնադրամի մեկենասությամբ: