ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ՊԱՏՄԱԿԱՆ ՏԱՅՔ ՆԱՀԱՆԳԻՆ

  Հունիսի 22-24-ը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի ունեցավ «Պատմական Տայք. Պատմություն, մշակույթ, դավանանք» խորագրով միջազգային գիտաժողովը (տե՛ս գիտաժողովի ծրագիրը, հիմնադրույթները), որը կազմակերպվել էր Մաշտոցի անվան Մատենադարանի և «Հայաստանի բյուզանդագիտական ուսումնասիրությունների ազգային կոմիտեի»  նախաձեռնությամբ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի մասնակցությամբ:
Գիտաժողովին մասնակցեցին թե՛ Հայաստանի, թե՛ արտերկրի՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Միացյալ Թագավորության, Իտալիայի, Հունաստանի, Նիդերլանդների բազմաթիվ ճանաչված հայագետներ:
Բացման խոսքով հանդես եկան Մատենադարանի գիտքարտուղար Վ. Տեր-Ղևոնդյանը, որը փոխանցեց Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի ողջույնի խոսքը, Հին մատենագրական հուշարձանների և սկզբնաղբյուրների ուսումնասիրման բաժնի վարիչ Է. Մ. Շիրինյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ա. Մելքոնյանը, Օքսֆորդի համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ Թեո վան Լինտը:
 Գիտաժողովի շրջանակներում մասնավորապես անդրադարձ եղավ հայ քաղկեդոնականների մշակույթին նվիրված խնդիրներին:
Զեկուցումների թեմաներն առնչվում էին պատմական Տայք նահանգի պատմության տարբեր ժամանակաշրջաններին, նշանավոր գործիչներին, ինչպես նաև դավանաբանական խնդիրներին: Զեկուցումների մի ամբողջ շարք նվիրված էր Տայքի Է և Ժ-ԺԱ դարերի ճարտարապետական հուշարձաններին, դրանց պատմությանն ու գեղարվեստական արտահայտչամիջոցների վերլուծությանը:




'