ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Նաիրի» հրատարակչությունը լույս է ընծայել Հրաչյա Թամրազյանի «Սրբադասված Հիշողություն» բանաստեղծությունների ժողովածուն, որը նվիրված է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ Ներկայացնում ենք ժողովածուի նախաբանը և «Մաշտոցյան Մատենադարան» բանաստեղծությունը։
Գիրքը յուրովի խոնարհում է մարդկային Հիշողությանը։
Մենք վերապրում ենք Հիշողությունն - իբրև Աստվածություն կամ աստվածամերձ ոլորտ՝ ուր կայանում է Հոգևոր Հայրենիքը՝ իբրև գոյության կենսական թաղանթ, իբրև համընդհանուր հիշողություն, որի զգացողությունը չի լքում մեզ - սա իմաստասիրություն չէ կյանքի ու մահվան մասին, այլ կենդանի թրթիռ, կենսազգացողություն, մի յուրատեսակ գերզգայարան կամ սնուցիչ զգայարան, որ ժամանակի առաձգական, քաոսային խոռոչները՝ ակնթարթորեն անհետացող՝ լցնում է կենսական տարածականությամբ՝ դեմք ու կերպ տալով նրան - նա ձև է տալիս անձևությանը, հետագիծ է տալիս անհետացող իրականությանը - նա արարում է կյանքը ոչնչից, նա է պահպանում կյանքի թրթիռն ու գոյության հյուլեն և հաճախ ինքնահրկիզվելով ուղեծիր է բացում գալիքում - մի նոր ներտիեզերք, որն անթեղում է անցյալը՝ այն վերակենդանացնելու և վերապրելու առաքելությամբ։
Հոգիների շրջապտույտ, ինքնասույզ համաստեղություններ և միգամածներ, որ մարդեղացած տիեզերքը վերածում են ներաշխարհի, որը պահպանում է Աստծո ոտնահետքերը։
Նա հույսի միակ աղբյուրն է, որ ձգելով նրա թելը, ամեն ինչ առնում է իր հյուսվածքի մեջ, անգամ աղետալի իրականությունը, որին ինքնափլուզման կիրքն է տիրում։ Նա սերմանում է կրկին մարդկային սերունդները, որ դարե՜ր-դարե՜ր մարդախոշոշ մոլոքի զոհերն են դարձել...
Հիշողության մուսաներն են հազարամյակներով հնչեցնում տրտմության սաղմոսներն, աղոթքներն ու ողբերգերը - որպես սպեղանի ապրողներին, ի հիշատակ անցավորների... Եվ այդ սաղմոսներն ապաքինում են մեզ, քանի որ պարածածկում են կյանքը մի այլ հիշողությամբ։
Այս լուսածիրում, ահա, կայանում է մարդկային կյանքը, և հոգիներն ու ճակատագրերը միանում են իրար...
Եվ նրա հյուսվածքներում է, որ Խոսքը դառնում է Հիշատակարան, ողբը վերածվում է օրհներգի։
Նվիրվում է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։
Հրաչյա Թամրազյան
ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
Այս անձեռակերտ լույսի տաճարում
Բյուր սերունդներն են հանդիպում իրար,
Եվ հիշողության թաքուն հանճարն է
Մեզ ուղևորել հանդիպման այս վայրն՝
Առլեցուն խոսքի սուրբ ղողանջներով,
Արձագանքներով անցյալ ու գալիք,
Նա մեր խելահեղ արյան կանչերով,
Իբրև մայր ակունք, իբրև արարիչ
Հուներ է բացում հավերժի համար,
Որ ցեղի արյունն անապակ հոսի,
Ու հանուն կյանքի հավերժ արարման
Ապավինում ենք սրբազան խոսքին:
Մենք մեր անցյալն ենք հար ոգեկոչում
Ու մխրճվում ենք սիրտը գալիքի,
Այս սուրբ մատյանում ոչինչ չի կորչում,
Ու մշտարթուն են բառերը գրքի:
Ու հիշողության անմեռ մատյանում
Հարատևում է խոսքը հավերժող,
Ու մեր ողբաձայն ասքն է բարձրանում.
– Այդ խորաններում սո՛ւրբ է ամեն զոհ:
Այս խորաններում ոչինչ չի՛ մեռնում,
Լոկ խոսքն է մի պահ ահից համրանում,
Ապա հնչում է սերնդեսերունդ,
Ապա հնչում է անուն առ անուն,
Ու խտանում է տիեզերքը խուլ,
Ու սկսում է ընդերքը դողալ,
Այդ մեր խենթացած արյունն է երգում –
– Ողբա՛մ մեռելոց, կոչե՛մ ապրողաց –
Եվ հիշողության այս սուրբ տաճարում
Ապաքինվում են վերքերը բոլոր,
Ու ոչինչ, ոչինչ մեզ չի բաժանում,
Ու սերունդները բոլոր հին ու նոր
Հուներ են բացում գալիքի համար,
Ու խտանում է միգամածը մեր,
Որ գոյանան մեր աստղերը անմար,
Մեր արեգակը, որ դեռ չի ծնվել,
Որ խորանի պես վիշտն արձանանա,
Որ սա լինի մեր ողբերգը վերջին,
Ու սուրբ մրմունջներն այստեղ բարձրանան
Հանուն միության, հանուն հավերժի…
Օ, հիշողության սրբազան տաճար,
Թող ես տառ դառնամ կենաց մատյանում,
Որ միշտ ղողանջի ասքն հազարաձայն,
Որ մենք չմնանք անհուշ անցյալում,
Որ մեր սերմերը ծիլեր արձակեն,
Որ շառավիղներ ձգենք գալիքում,
Որ մեր ձայները հար արձագանքեն
Հոգու հավերժող մեր Հայրենիքում…