Մ. ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ 30-ՐԴ

ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ

 
  2007 թ. նոյեմբերի 21–23-ը Երևանի Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանում տեղի ունեցավ 30-րդ գիտական նստաշրջանը (տե՛ս գիտաժողովի ծրագիրը):
  Հոբելյանական այս գիտաշրջանին մասնակցում էին ոչ միայն Մատենադարանի գիտաշխատողները, այլև գիտական տարբեր հիմնարկներ ներկայացնող գիտնականներ: Տնօրեն Հրաչյա Թամրազյանը բացման խոսքում նշեց գիտաժողովի կարևորությունը, որը պայմանավորված էր ոչ միայն նրանով, որ Մատենադարանում կատարված աշխատանքների տարեկան հաշվետվություն էր, այլև նրանով, որ թե՛ զեկուցողների և թե՛ ունկնդիրների մեջ կային զգալի թվով երիտասարդներ, ինչը ցույց է տալիս գիտական սերնդափոխության պատկերը:
Առաջին նիստը վարում էր Մատենադարանի կառավարման խորհրդի նախագահ, ակադեմիկոս Սեն Արևշատյանը: Նա նշեց, որ մատենադարանցիները ակտիվորեն մասնակցել են միջազգային տարբեր գիտաժողովների` Հայաստանում ու արտասահմանում, և գիտական այս նստաշրջանը, ամփոփելով անցած աշխատանքները, լիցքեր է հաղորդելու նոր ուսումնասիրություններ կատարելու համար:
  Գոհար Մուրադյանի «Դավիթ Անհաղթ. բնագրագիտական հարցեր» վերնագրով զեկուցումը նվիրված էր Դավիթ Անհաղթի ստեղծագործությունների ձեռագրերի քննությանը: Հեղինակը մասնավորապես անդրադարձավ Պորփյուրի ներածության Դավթի վերլուծությանը, որի հայերեն և հունարեն ձեռագրերի ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս ասելու, որ դրանք մեզ են հասել խմբագրված: Հակոբ Քյոսեյանի «Արամ մատենագիրը և նրա թղթի աստվածաբանական արժեքը» զեկուցումը նվիրված էր Խոսրով Անձևացի կաթողիկոսի աշակերտ ու հետևորդ Արամ մատենագրին, որի մեզ հասած միակ գործն է «Թուղթ Արամայ զոր գրեաց պատասխանի Ատոմոյ Անձաւացեաց իշխանի ի սակս պէսպէս հարցմանց նորա»` գրված կամ հարության տոնի, կամ մերձավոր հարազատի մահվան կապակցությամբ, ուր խոսվում է տարբեր մեղքերի` հատկապես պոռնկության մասին, միաժամանակ հատուկ տեղ է տրվում ապաշխարությանը: Աելիտա Դոլուխանյանը (Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան) հանդես եկավ «Աստվածաշնչային մի պատգամի դրսևորումը Գրիգոր Տաթևացու և Մկրտիչ Նաղաշի մոտ» վերնագրով հետաքրքիր զեկուցմամբ, զուգահեռներ անցկացրեց հայ միջնադարյան այդ երկու հոգևոր գործիչների գրվածքների մտքերի ու օրինակների, որոնց նույնականությունը հիմք է տալիս ենթադրելու, թե Մկրտիչ Նաղաշը բանաստեղծորեն վերարտադրել է Գր. Տաթևացու «Քարոզգրքի» «Վասն ագահության» հատվածը` նույնքան կարևորելով նրա ներգործուն ուժը հավատացյալ ժողովրդի վրա: Զեկուցողը նշեց, որ միջնադարյան հայ մատենագրությունը ներծծված է Աստվածաշնչի հին ու նոր կտակարանների գաղափարներով, պատգամներով, դեպքերով ու դեմքերով. հայ եկեղեցու առաջադեմ գործիչները ջանացել են աստվածային պատգամները ներկայացնել ժողովրդին` մարդու և ազգի հասարակական ու անձնական կյանքը դյուրին և օրինակելի դարձնելու ազնիվ մղումով: Դոնարա Կարապետյանը հանդես եկավ «Սեբաստահայ բժշկական դպրոցի նոր ներկայացուցիչներ» վերնագրով զեկուցումով, ուր նախապես հիմնավորեց «դպրոց» բառի գործածությունը, ապա անդրադարձավ, մասնավորապես, Մարտիրոս Սեբաստացու «Նոր Բժշկարանի» նկարագրությանը. ձեռագիրը թվագրվում է (XVIII դ., գրիչ` Թեոդորոս), նշելով, որ ձեռագրում անդրադարձ կա բժշկագիտության գրեթե բոլոր խնդիրներին [մարդակազմություն, բնախոսություն, մահճաբուժություն (կլինիկա), թերապիա]: Մեսիյան-Սեբաստացիների կողմից ստեղծվել է բժշկարան, որը գրվել է ընտանիքի մի քանի անդամների` Աստուածատուր վարդապետի որդիների` Հակոբ, Մաթուսաղա և Եղիազար դպիրների կողմից: Այն վերաբերում է գործնական, կիրառական բժշկությանը և ծառայել է թե՛ որպես ուսումնական ձեռնարկ, թե՛ որպես բժշկարան գործնական բժշկությամբ զբաղվողների համար: 1964 թ. ձեռագիրը նվիրվել է Մատենադարանին Հրանտ և Պարգև Մեսիյանների կողմից, որոնք Եղիազար եպիսկոպոսի ութերորդ սերունդն են: արեն Մաթևոսյանը զեկուցեց «Սամուել Անեցու ժամանակագրության ձեռագրերի աղբյուրագիտական արժեքը» թեմայով: Հեղինակային բնագրերից բացի հետագայում հայտնվել են նաև ուրիշ տեղեկություններ, որոնք զետեղվել են ժամանակագրության աղյուսակներում եղած դատարկ վանդակներում: Հավելումները աղբյուրագիտական արժեք են ներկայացնում: Անեցու ժամանակագրությունը ստիճանաբար դարձել է պատմական տեղեկություններ պարունակող ժողովածու, այն ունեցել է միայն մեկ հրատարակություն: Ձեռագրերի թիվը 70 է, որոնցից 35-ը պահվում են Մատենադարանում: Այս ամբողջական ցանկից պարզ է դառնում, որ XVII 17-րդ դարից առավել շատ են պահպանվել ընդօրինակություններ, իսկ 8481 ձեռագիրը խմբագրել ու շարունակել է Ստեփանոս Օրբելյանը:
Արշակ Բանուչյանի (Մատենադարան) զեկուցումն էր «Եղիշեի «Վարդանանց պատերազմ» երկի պատառիկները և դրանց բնագրագիտական արժեքը»: Հեղինակը ներկայացրեց ձեռագիր չորս թերթ պատառիկների վերականգնման փորձը` քայլ առ քայլ, ինչը թույլ է տալիս արձանագրելու, որ այս չխմբագրված բովանդակությամբ պատառիկները հնագույն են (կարելի է թվագրել նույնիսկ VII դարով), իսկ Եղիշեն, անտարակույս, V դարի հեղինակ է, և նրա երկը ականատեսի գործ է:
  Ջուլիետա Էյնաթյանը հանդես եկավ «Հայկական ձեռագրերի աստղագիտական բնագրերը» թեմայով զեկուցումով: V դարից սկիզբ առած թարգմանական շարժումը (Աստվածաշունչ, սուրբ հայրերի, հունական գիտական-փիլիսոփայական գործեր) չդադարեց ընդհուպ միչև XIV դ: Այդ մասին են վկայում Եզնիկ Կողբացուց Եղիշե, Շիրակացի մինչև Տաթևի դպրոցի` Գր. Տաթևացի, Մեծոփի դպրոցի` Հակոբ Ղրիմեցի իմաստասերների աշխատանքները: Հատուկ ուշադրության է արժանի այն փաստը, որ IX դարում Բյուզանդիայում գիտության պատմության մեջ իր նշանակալից տեղն ունի «Լևոն Մաթեմատիկոս» անունով գիտնականը, որի մասին գրել են բազմաթիվ օտար ուսումնասիրողներ:
  Արմեն Մալխասյանը «Ձեռագրերի կազմերի արձանագրությունները որպես արձանագրագիտության բաղկացուցիչ մաս» զեկուցման մեջ ներկայացրեց քիչ ուսումնասիրված այս աղբյուրները (կազմերի արձանագրությունները), որոնք վիմագրությունների նման գրված են հիմնականում երկաթագրով, և դրանցում գործածված են նույն հապավումները, կցագրությունները, կապգրերը: Արձանագրությունների այս տեսակները միմյանցից միայն նյութով են տարբերվում: Հեղինակն անդրադարձավ նաև արձանագրությունների լեզվական, գրային կողմերին, արձակ և չափածո ձևերին:
 Ավետ Ավետիսյանը «Երկու խորհրդապատկեր արարչագործության հինգերորդ օրը ներկայացնող Զաքարիա Ավանցու մանրանկարներում» թեմայով զեկուցման մեջ կատարեց պատկերի արվեստաբանական քննություն` անդրադառնալով նաև մեկնողական գրականությանը: Արարչագործության հինգերորդ օրը ներկայացնող մանրանկարներից մեկը, օրինակ, երեք մասերից կազմված մի ամբողջություն է: Դրանում եղած կերպարը մանրանկարներին հաղորդում է աստվածաբանական իմաստ, կապ ստեղծում Հին և Նոր կտակարանների միջև:
Լիլիթ Զաքարյանը հանդես եկավ «Մոմիկի մանրանկարչական ժառանգությունը Մատենադարանի հավաքածուներում» զեկուցմամբ: Մոմիկի ստորագրությամբ Մատենադարանում կա երկու ձեռագիր, որոնցից մեկի գրիչն է, մյուսի ծաղկողը: Զեկուցողն անդրադարձավ նաև մանրանկարիչ, քանդակագործ Մոմիկի կենսագրության որոշ հետաքրքիր փաստերի. մասնավորապես, նրա աշխարհիկ կյանքին:

Երկրորդ օրվա (նոյեմբերի 22) նիստերը վարում էր Մատենադարանի գիտքարտուղար Շուշանիկ Խաչիկյանը:
Հրավարդ Հակոբյանի «Հայ նոր արվեստի սկզբնավորման շրջանից (Նոր Ջուղա)» զեկուցումը հայ գաղթավայրերից մեկի` Նոր Ջուղայի որմնանկարչության մասին էր: Եվրոպայի հետ ունեցած կապերով XVII դարասկզբից սկսվել էին արմատական տեղաշարժեր մշակույթի ասպարեզում. խոջաների ապարանքների որմնանկարներում առաջին անգամ հայ իրականության մեջ երևան են գալիս դիմանկարի, բնանկարի և այլ ժանրեր: Թեև արվեստի այս գործերից այժմ քիչ բաներ են պահպանվել, սակայն եղածը գաղափար է տալիս ոչ միայն հայ խոջաների ճաշակի, մտածողության, այլև հայ նոր արվեստի բնույթի մասին:
Լիլիթ Հովսեփյանը (Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան) «Երգ երգոցի» հավելվածը և Վարդան Արևելցու մեկնությունը» վերնագրով զեկուցման մեջ, հենվելով ձեռագրական նյութերի վրա, կարծիք հայտնեց, թե ուսումնասիրված է մի հատված` «Եռամեծի սրբոյ վարդապետին Վարդանայ արարեալ ի բան Սողոմոնի» վերնագրով, որը ոչ թե ճառ է, ինչպես կարծվել է մինչև այժմ, այլ Վարդան Արևելցու «Երգ երգոցի մեկնության» տրամաբանական շարունակությունը:
  Անահիտ Մխիթարյանը «Երգ երգոցը» որպես նախահարսանեկան հնագույն մի ծես» զեկուցման մեջ նշեց, որ «Երգ երգոցը» մինչքրիստոնեական շրջանից պահպանված հարսանեկան ծեսի մի դրվագ է, որի հիմքում ընկած է նախասկզբնական արարչագործությունը, որը դառնում է սկիզբ կամ գուցե շարունակություն ընտանիքի հարատևության պահպանման ու որդեծնության և հանդես է գալիս առանձին սյուժեների ձևով: Դրանք «Թագվորագովքի» և «Ծաղկոցի» ժողովրդական ծխական արարողություններն են, որոնք «Երգ երգոցի» հետ ունեն ընդհանուր շատ եզրեր:
Միքայել Առաքելյանի Երուսաղեմի եբրայական համալսարան) զեկուցման թեման էր «Նոր Ջուղայի մանրանկարչական դպրոցը»: Այստեղ զեկուցողը ներկայացրեց իր կողմից կատարվող` XVII դարի Նոր Ջուղայի մանրանկարչական դպրոցի նշանավոր վարպետների կողմից գրված և պատկերազարդված Աստվածաշնչերի ու Ավետարանների մանրանկարների հետազոտության հիմնական դրույթները: Հակոբ Ջուղայեցի, Սարգիս Մոկացի, Մեսրոպ Խիզանցի, Խաչատուր, Գրիգորիս, Աստվածատուր, Հայրապետ Ջուղայեցի և ուրիշ մանրանկարիչների գործերի նախնական ուսումնասիրությունն արդեն ապացուցում է Նոր Ջուղայի դպրոցի կարևորությունը և թույլ տալիս մանրանկարիչների ստեղծագործական գործընթացի զարգացումը քննել Նոր Ջուղայի դպրոցի ձևավորման ու զարգացման հարթության վրա: Այս դպրոցի ծաղկումը և ինքնատիպությունը կարելի է համարել վերջին վերելքը ուշ միջնադարի հայ մանրանկարչության ընդհանուր անկման ֆոնի վրա:
  Արուսյակ Թամրազյանը ներկայացրեց «Հայ միջնադարյան երաժշտությունը ընդհանուր գիտելիքի դաշտում – «Յօթնագրեանք» վերնագրով զեկուցումը, ուր, վերլուծելով մեզ հասած տեղեկությունները միջնադարյան երաժշտության մասին, նկատեց, որ դժվար է վերականգնել վաղ միջնադարյան երաժշտությունը, քանի որ դրա ընկալումը տարբեր է այժմյանից: Երաժշության մասին նյութերը շարադրվում էին տիեզերագիտության, քերականության, բժշկության և աղոթքի տեսության հետ: Արծրունի Սահակյանի «Նոր դիտարկումներ ի լրումն Մ. Խորենացու կենսագրության» վերնագրով զեկուցումը վերաբերում էր Խոյարենացի-Խոյորենացի-Խորենացի անվանման հնչյունափոխությանը, որը կատարվել է ժամանակի ընթացքում` բանավոր և գրավոր: Նման վարկածի համար հիմք է ծառայել IX դարի մի պատառիկ (Նարեկի պահպանակ) և Մխիթար Այրիվանեցու մոտ հանդիպող վկայությունը (XIV դար): Ընդ որում, Խոյարունքը կարող է լինել կենդանական անուններ կրող վայրերի շարքին պատկանող տեղանուն:
  Գևորգ Տեր-Վարդանյանը  ներկայացրեց երկու հաղորդում. մեկը` Անանուն Սյունեցու Ավետարանի (ԺԴ դ.) թերթերի վերադասավորմանն էր վերաբերում, մյուսը` նորագյուտ մի ձեռագրի (1832 թ., ընդօրինակված 1605 թ. գաղափար օրինակից), որն Անանիա Շիրակացու «Արվեստ համարողութեան» գործի ամբողջական տարբերակն է և ճշգրիտ համապատասխանում է մինչև այժմ հայտնի հատվածների լեզվական և ուղղագրական պատկերին: Զեկուցողը նշեց, որ Մատենադարանը նախատեսում է առաջիկայում ձեռք բերել այն:
Ազատ Բոզոյանի (ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ) «Հայոց իրավունքի թարգմանական սկզբնաղբյուրները» զեկուցումը բաժանված էր երեք մասի, որոնցում հեղինակը ներկայացրեց «Կանոնագիրք հայոց»-ի ձեռագրական խմբերը, ընդհանուր իրավաբանական ժողովածուներ և այլ կանոնագրքեր, որոնք թեև հայերեն են, սակայն դրանց մի մասը վերաբերում է հայ քաղկեդոնականների և միարարների իրավաբանական ժառանգությանը, վերջիններիս թվում են հունա-հռոմեական դատաստանագիրքը, բենեդիկտյան կանոնները և այլն: Արտակ Մաղալյանը (ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ) «Առաքել Կոստանյանցի «Պատմութիւն Գտչայ վանուց» աշխատությունը» վերնագրով զեկուցման մեջ ներկայացրեց Գտչավանքի վանահայր Առաքել վրդ Կոստանյանցի 1884 թ. գրած «Պատմութիւն Գտչայ վանուց» վերտառությամբ հայտնի ձեռագիր երկը, որը հեղինակը գրել է ի լրումն իր նախորդ` «Պատմութիւն Արցախի» երկհատոր աշխատության:

Նոյեմբերի 23-ի նիստերը վարում էր Մատենադարանի գլխավոր ավանդապահ Գևորգ Տեր-Վարդանյանը:
Ստելլա Վարդանյանը «Գր. Նյուսացու «Տեսութիւն ի մարդոյն կազմութիւն» երկի հայերեն թարգմանությունը» զեկուցման մեջ նախ ներկայացրեց երկը, որի քննական բնագիրը կազմել է տասը ձեռագրի հիման վրա, ապա` հեղինակին ու հատկապես հայերեն առաջին թարգմանությունը` կատարված Ստեփանոս Սյունեցու կողմից, որը ոչ բառացի է, ոչ էլ հայացված: Զեկուցողը քննեց նաև թարգմանության թվականի հարցը:
 Արմինե Գրիգորյանը «Հարություն (Արտեմ) Լազարյանի նամակագրությունը եղբայրների հետ (1812–1813 թթ.)» զեկուցմամբ հաղորդված տեղեկությունները գալիս են լրացնելու Լազարյան տոհմի պատմությունը:
  Քրիստինե Կոստիկյանը «Ղազար Ջահկեցի կաթողիկոսի քաղաքական գործունեությունն ըստ նրա ձեռք բերած շահական հրովարտակների» հետաքրքիր զեկուցումը նորովի էր ներկայացնում այս կաթողիկոսի կերպարը, որի նպատակը, ի տարբերություն մյուսների, ոչ միայն Մայր աթոռի կալվածքների, այլև կաթոլիկ միսիոներական քարոզչությունից և մահմեդական բռնություններից ու անօրինական միջամտությունից հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությունն էր:
  Հրաչյա Ասմարյանը (Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան) «Իտալական ազգային-ազատագրական շարժումների արտացոլումը «Արշալույս Արարատեան» լրագրում (XIX դ. 40–70-ական թվականներ)» զեկուցմամբ ներկայացրեց իտալական շարժման մասին լրագրի էջերում տեղ գտած դրական մոտեցումները, որոնք լրացնում են այդ շարժման պատմության մութ մնացած կետերը:
 Արփի Վարդումյանի «Հայոց երգահան կաթողիկոսների երաժշտական ժառանգությունը» զեկուցումը նվիրված էր Ս. Սահակ Ա Պարթև, Ս. Հովհան Ա Մանդակունի, Կոմիտաս Աղցեցի, Սահակ Գ Ձորափորեցի, Ս. Հովհաննես Գ Օձնեցի հայրապետների ստեղծած հոգևոր երգերի` շարականների ու տաղերի քննությանը:
  Վարդան Գրիգորյանի «Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց վանքի նվիրակները Հայաստանում և Ռուսաստանի հայաբնակ վայրերում» զեկուցումը ներկայացնում էր նվիրակների գործունեությունը, որոնք ոչ միայն իրենց անմիջական գործով էին զբաղվում (վանքի համար գումար հավաքելով), այլև մեծ աշխատանք էին կատարում Երուսաղեմ ուխտավորներ տանելու համար:
Գայանե Էլիազյանը «Հաղպատի Ավետարանի վերականգնումը» զեկուցման մեջ հանգամանորեն ներկայացրեց 360 թերթ ունեցող, մետաղյա պահպանակով, նկարազարդ Ավետարանի վերականգնման բարդ ու հետաքրքիր գործընթացը, որի ընթացքում հնարավորինս քիչ քիմիական նյութեր են օգտագործվել:
  Վարդան Դևրիկյանը «Ժողովրդական դարձվածքները և արտահայտությունները միջնադարյան գանձերում» զեկուցման մեջ քննության առավ գանձերը, որոնք, լինելով եղեղեցական ստեղծագործություններ, իրենցում ազգագրական և ժողովրդական զգալի չափով նյութեր են պարունակում: Դրանցում ժողովրդական մեկնությունները տարբեր ձևով են արտահայտվում, երբեմն նույնիսկ ուղղագրությամբ են տարբերվում առօրեական ու սուրբգրային նշանակության բառերը (ինչպես` խնձոր-խնծոր, գունդ-գունտ):
  Լուսիկ Ստեփանյանի «Պատմութիւն ս. Կենարարին և սոսկալի ս. Նշանին» երկը և Ասողիկի, Գանձակեցու և Վարդան Արևելցու տեղեկությունները» զեկուցման մեջ ներկայացվեց անհայտ հեղինակի երկը, ուր հաշվի են առնվել գրավոր տարբեր տեղեկություններ և որը արունակում է պարականոնի տարրեր (ինչպես` Ղունկիանոսի պատմությունը):
  Արմեն Սահակյանը «Վերծանված դեղագրեր» զեկուցմամբ (որը ներկայացվեց ցուցափեղկի մոտ) ներկայացրեց ձեռագրերում եղած տարբեր բուժամիջոցների, բուսական, հանքային և այլ ծագմամբ ներկանյութերի բաղադրատարրերը:
Նստաշրջանի աշխատանքներն ամփոփեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ս. Արևշատյանը:

ՆԱԻՐԱ ԹԱՄԱՄՅԱՆ
'