ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՀԻՍՆԱՄՅԱԿԻՆ

  Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան գիտահետազոտական իստիտուտը 2009 թ. հոկտեմբերի 20-22-ը նշեց իր հիմնադրման 50-ամյակը` Երևանում կազմակերպելով միջազգային գիտական նստաշրջան (տե՛ս գիտաժողովի ծրագիրը):
  Նստաշրջանի բացմանն իր խոսքում Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը նշեց. «50 տարի առաջ, Մատենդարանի հոյակերտ շենքի կառուցումից 2 տարի անց, 1959 թվականին ստեղծվեց «Մատենադարան» գիտահետազոտական կենտրոնը: Եվ ահա, 50 տարի անց, կառուցվում է մի նոր շենք՝ Մատենադարանի գիտական խոշոր մասնաշենք-համալիրը, որն իր ներքին տարածքներով մոտ 3 անգամ գերազանցելու է հիմնական շենքին: Հիրավի, դարակազմիկ երկու իրադարձություն, դարակազմիկ ոչ միայն հայ գիտության և մշակույթի, այլև հայ կյանքի համար ընդհանրապես, քանի որ նրան են ուղղված բյուր սերունդների հայացքները, նա դարձել է մեր անցյալի և ապագայի միահյուսման, մեր լինելիության
և հավերժության խորհրդանիշն ու առհավատչյան»:
  Հ. Թամրազյանն իր խոսքում նշեց նաև, որ հին ձեռագրերի գիտահետազոտական կենտրոնի ստեղծման հիմնական նպատակն է եղել զբաղվել հայկական ձեռագրերի խնամքով, հավաքել ձեռագրական նոր հուշարձաններ, ձեռագրերին տալ գիտական նկարագրություն, հայերեն և ռուսերեն լեզուներով պատրաստել Մայր ցուցակը, զբաղվել կար
ևոր բնագրերի, այդ թվում նաև հայ մանրանկարչության հուշարձանների ուսումնասիրությամբ ու հրապարակմամբ, թարգմանել համաշխարհային նշանակություն ունեցող հուշարձանները, ինչպես նաև մասսայականացնել հայ ժողովրդի ամենաարժեքավոր հուշարձանները:
  Մատենադարանի տնօրենն անդրադարձավ նաև Մատենադարանի 50-ամյա գործունեությանը: «Մատենադարանն անցած 50-ամյակի ընթացքում հսկայական քայլեր է կատարել հայագիտության բնագավառում, բացի այդ մեծ դեր է ունեցել նաև բարոյահոգեբանական ու կրթալուսավորչական տեսանկյունից` հոգ
ևոր ձգողությամբ դառնալով մի ուրույն սրբատեղի, ինչպես Մայր Հայրենիքի, այնպես էլ ի սփյուռս ողջ աշխարհի»: Մատենադարանը զարգացման նոր փուլում է գտնվում, ուրախությամբ նշեց Հ. Թամրազյանը. գործում են 9 գիտական և 5 գիտատեխնիկական բաժիններ: «Կենտրոնի ներուժը կրկնապատկվել է մոտ 50 երիտասարդ մասնագետներով, և դա հնարավորություն կտա լավագույնս հանրահռչակելու մեր մշակութային հսկայական ժառանգությունը»,- ասաց Հ.Թամրազյանը:
  Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի
և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Մատենադարան» Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի հիմնադրման 50-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսությունը, որտեղ ելույթ ունեցավ նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը. «Հայ մշակույթի եզակի շտեմարանը ստեղծվել է ոչ միայն մեր մատենագիրների ու գրիչների, այլև համայն հայության, բազում սերունդների ջանքերով, որոնք պատմության ահեղ շրջադարձերի ու արհավիրքների ընթացքում փրկագործել ու աչքի լույսի պես պահպանել են մեր ձեռագիր մատյանները: Մատենդարանը ստեղծվել է նաև բյուրավոր բարեգործների ու բարերարների ջանքերով, որոնք նվիրաբերել են հազարավոր ձեռագրեր: Ուրեմն, թող հարատևեն ու զորանան մեր նախնյաց հոգևոր ավանդները, որ լուսեղեն շղթա են սերունդների միջև, ու թող մեր սրբություն սրբոցը՝ Մաշտոցի անվան Մատենադարանը, հայոց արարչագործ ոգու, հավաքականության ու հոգևոր ներուժի մեծագույն վկան, սերունդների հոգևոր կապի և հավերժության պատգամախոսը դառնա դարերի հոլովույթում՝ ծառայելով մեր համազգային իղձերի ու նպատակների իրագործմանը»:
  Հոբելյանական հանդիսության գեղարվեստական մասը բացվեց ռեժիսոր Արա Շիրինյանի՝ Մատենադարանի 50-ամյակին նվիրված ֆիլմով: Եր
ևանի մնջախաղի պետական թատրոնը ցուցադրեց Դերենիկ Դեմիրճյանի «Գիրք ծաղկանց» վիպակի հիման վրա բեմադրված նույնանուն ներկայացումը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար ժիրայր Դադասյանի բեմադրությամբ: Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» երկից հատվածներ հնչեցին մեծանուն դերասաններ Սոս Սարգսյանի և Ինոկենտի Սմոկտունովսկու ընթերցմամբ, ռեժիսոր Հովիկ Հախվերդյանի «Մատենադարան» ֆիլմաշարից հատվածի ցուցադրման ժամանակ: Հոբելյանական հանդիսության ավարտին ելույթ ունեցավ Հայաստանի կամերային երգչախումբը՝ կատարելով Ալֆրեդ Շնիտկեի երգչախմբային կոնցերտը՝ ըստ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» երկի:

'