ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԾՆՆԴՅԱՆ 1650-ԱՄՅԱԿԻՆ

  2011 թ. սեպտեմբերի 20-22-ը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի նորաբաց մասնաշենքում կայացավ առաջին միջազգային գիտաժողովը՝ նվիրված Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1650-ամյակին (տե՛ս գիտաժողովի ծրագիրը): Գիտաժողովին մասնակցում էին Հայաստանում և  արտասահմանի  հեղինակավոր գիտակրթական հիմնարկներում և հայագիտական կենտրոններում աշխատող շուրջ երեք տասնյակ հայագետներ՝ լեզվաբաններ, պատմաբաններ, արվեստաբաններ, ձեռագրագետներ:
  Գիտաժողովի ընդգրկուն ծրագրում ներառված էին Մեսրոպ Մաշտոցի կյանքի և ստեղծագործության, ապրած պատմական ժամանակաշրջանի, գրերի գյուտի, 5-րդ դարի մատենագրության, ձեռագրագիտության հետ առնչվող բազմաբնույթ զեկուցումներ:
  Գիտաժողովի երեք օրերին Սեն Արևշատյանի, Գևորգ Տեր-Վարդանյանի, Արամ Թոփչյանի, Գոհար Մուրադյանի և Շուշանիկ Խաչիկյանի նախագահությամբ անցկացված հինգ լիագումար նիստերում զեկուցումներով հանդես եկան անվանի հայագետներ Ժ.-Պ. Մահեն, Մ. Սթունը, Փ.Քաուին, Բ. Ուտիեն, Լ.Կիսելյովան, Ա. Դրոստ-Աբգարյանը, ինչպես նաև՝ Ս. Արևշատյանը, Հ. Թամրազյանը,  Գ. Տեր-Վարդանյանը, Ա. Մուշեղյանը, Ա. Մութաֆյանը, Ս. Մուրավյովը, Ա. Թոփչյանը, Վ. Դևրիկյանը, Շ. Խաչիկյանը, Գ. Բարդակչյանը  և այլք:



'