«ՎԵՐԱՊՐԱԾ ՄՇԱԿՈՒՅԹ» ԽՈՐԱԳՐՈՎ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ

  Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում 2015 թ. ապրիլի 28-29-ը ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ և «Մատենադարանի Երիտասարդ գիտաշխատողների միավորում» ՀԿ նախաձեռնությամբ, Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի ունեցավ «Վերապրած մշակույթ» խորագիրը կրող գիտաժողով (տե՛ս գիտաժողովի ծրագիրը): Բացման խոսքով հանդես եկավ Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը: Դիմելով ներկաներին և մասնակիցներին, նա նշեց. «Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցը ստիպում է մեզ վերաիմաստավորել մեր մշակույթի ընթացքը, կենդանի պատմությունը, որն ընկած է մեր կենսափիլիսոփայության հիմքում, նրա անկյունաքարն է: Այս հարյուրամյա տարելիցը ստիպում է մեզ նաև վերաիմաստավորել մեր կատարած աշխատանքը և նպատակաուղղել այն»:
  Գիտաժողովի երկու օրերի ընթացքում հնչեցին զեկուցումներ, որոնցում առանձնահատուկ շեշտադրում  էր արված ցեղասպանության հետևանքով հայերեն ձեռագիր մշակույթի  կորուստներին, ներկայացվեց վերապրած ձեռագրերի նոր կյանքը, դրվագներ ու փաստեր 100 տարի առաջ տեղի ունեցած ոճրագործության մասին:
  Բացի Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողներից՝ գիտաժողովին մասնակցում էին նաև ԵՊՀ  պատմության ֆակուլտետի Հայ արվեստի պատմության և տեսության UNESCO-ի ամբիոնի, ՀՀ ԱԳՆ երիտասարդ գիտաշխատողները, ինչպես նաև թեմայի շրջանակներում զեկուցմամբ հանդես եկավ Սան Պաուլոյի Պետական համալսարանի ուսանող  Հեյտոր Լուրեյրոն՝ «Հայոց Ցեղասպանությունը Բրազիլիայում ապրող հայ մտավորականի հոդվածներում» թեմայով:


«Վերապրած մշակույթ» գիտաժողովի բացման արարողությանը բացման խոսքով հանես եկավ  Մ. Մաշտոցի անվան Մատենադարան տնօրեն Հրաչյա Թամրազյանը

Գիտաժողովի հարգելի մասնակիցներ,
Այս գիտաժողովը, որ նվիրվում է Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցին, կազմակերպված է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակներում, որն իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջոցով:
    Այս հիմնադրամի հետ Մատենադարանը, հուսով եմ, կզարգացնի արդյունավետ համագործակցություն: Արդեն առկա է նման մի կարևոր ծրագիր՝ «Հիշողության կերպարանքները» միջազգային գիտաժողովը՝ նվիրված Հայող ցեղասպանության 100-ամյա տարելիցին, որին պետք է մասնակցեն նաև օտարերկրյա լավագույն մասնագետները:
    Այս գիտաժողովի յուրահատկությունն այն է, որ ուղեկցվում է ցեղասպանությունը վերապրած ձեռագրերի ցուցադրություններով, և նրանք փոխլրացնում են իրար և աղերսվում են մեկը մյուսի հետ իբրև ամբողջություն: Մեր մեծ նպատակն է ցուցադրել ոչ միայն մեր կորուստների ահռելիությունը, այլև մեր պահպանված ժառանգության ուժը և զորությունը, կենսականությունն ու պայծառությունը։ Այո, մեր ձեռագրերը արթուն և զվարթուն էություններ են, որոնք հաճախ հրաշքներ են գործել և նրանցից շատերը այդպես էլ կոչվում են՝ հրաշագործ։
    Բոլոր այդ ցուցադրությունները, որոնք հընթացս փոխվելու և հարստացվելու են, գիտական հենք ունեն և հուսով ենք, որ իրենց հերթին հիմք կդառնան նոր ուսումնասիրությունների և առանձին պատկերագրքերի հրատարակման, ինչպես հիմք են դարձել այս գիտաժողովի համար: Այս ամենն արտացոլում է Մատենա-դարանի ներքին ընթացքն իր ամբողջականության մեջ, որ լրացուցիչ մղակ է գիտական գործառույթների արդյունավետության համար:  
    Գիտաժողովի հարգարժան մասնակիցներ, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը ստիպում է մեզ վերաիմաստավորել մեր մշակույթի ընթացքը, կենդանի պատմությունը, որն ընկած է մեր կենսափիլիսոփայության հիմքում, նրա անկյունաքարն է: Այս հարյուրամյա տարելիցը ստիպում է մեզ նաև վերաիմաստավորել մեր կատարած աշխատանքը և նպատակաուղղել այն:
    Մեզ տրված է պահպանել, նորոգել, նոր կյանք ու շնչառություն տալ ձեռագրերին, գրքերին, հնագույն վավերագրերին, որոնք մեր հիշողության կրողներն են, և շփումը նրանց հետ, ինչ-որ իմաստով, մեզ էլ է դարձնում համամարդկային հիշողության կրողներ: Եվ ՙԱշխարհի հիշողությունը՚ մրցանակը, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն շնորհել է Մաշտոցյան Մատենադարանին և որի մարմնավորումն է կենտրոնական ցուցասրահում ցուցադրվող արձանիկը, դրա խորհրդանշանն է:
    Այո, մենք շեշտում ենք, որ նորակերտված Մատենադարանում ստեղծվել են լավագույն պայմաններ աշխատակիցների և ընթերցողների համար: Ես ուզում եմ շեշտել դրա ներքին խորհուրդը՝ Մաշտոցյան Մատենադարանը գործ ունի հիշողության խորին շերտերի հետ, որը դարձել է մեր գոյության իմաստը, մեր կենսափիլիսոփայությունը, ինչ-որ տեղ մեր կենսակերպն ու առօրյան. մեր մասնագետները վերականգնում են նրա խաթարված շերտերը, մտնելով, ներթափանցելով, շփվելով մի տիրույթի հետ, ուր շոշափելին, առարկայականը առավել կապ ունի անշոշափելի, անառարկայական, աննյութեղեն աշխարհի հետ, ուր մշակույթն ու վերմշակութային աշխարհը ներհյուսված են, շաղկապված են իրար…
    Առանց չափազանցության՝ մենք գործ ունենք վերժամանակյա անանց արժեքների հետ, որոնք ներազդում են,   ներթափանցում են այն համահյուսվածքի մեջ, որ կոչվում է ներաշխարհ, ներքին կյանք, ներապրում:
    Այո, մենք ներապրում ենք այդ հսկա կենսադաշտն իբրև հոգու պատմություն, որի մասնիկն ու մասնակիցն ենք մենք, և այդ կենդանի զգացողությունը մեզ չի լքում: Իսկ դրա հիմքում մարդու և ձեռագրի խորհրդավոր կապն է: Նման կապը, ընթերցումը խորացնում են ներքին խոսքի տիրույթը՝ տանելով այն խորհրդավոր փոխներթափանցումների և սերունդների փոխկանչի, և մեր խնդիրն է, հոգևոր առումով, լսելի դարձնել այդ փոխկանչերը և հիշողության անլռելի ղողանջները:
    Իրոք, լույսի այս տաճարում, այս խորաններում «սուրբ է ամեն զոհ», իրոք, թերթելով այս մատյանները մենք հաղորդակցվում ենք մեր միջով անցնող աշխարհներին, գիտելիքը վերածվում է ներզգացողության, ներշնչանքի և հիշողության՝ այդ բյուրանուն ու բազմադեմ աստվածությունն անձնավորվում է, ամեն ինչ հիշողության այս շտեմարանում այլ իմաստ է ստանում, պատմությունը դառնում է իրար օղակվող հիշատակարանների շղթա, անմեռ արձագանքների սափոր, և հիշողությունն՝ իբրև վերապրած ձեռագրերի շտեմարան, բառիս բուն իմաստով, վերածնվում է, երկրորդ կյանք է առնում՝ հաճախ բզկտված թերթերից, հավաքված փշրանքներից ի մի բերվելով, դառնալով ձեռագիր մատյան: Այդ ամենի մասին կխոսվի այսօր, և դուք վերծանման այդ ընթացքի ականատեսը կդառնաք…
    Մենք այլևս գործում ենք սրբադասված հիշողության ոլորտում, և ներշնչված ենք նրանով, այն ուղղորդում է մեզ և ուղենիշ է մեզ համար, մենք պիտի գնանք նրա հետքերով, նրա բացված արահետներով՝ մեր միջով, մեր միջոցով իրար հանգուցելով գալիքն ու անցյալը: Մենք բոլորս նույն գործն ենք անում՝ ինչ-որ իմաստով, իբրև գերագույն արժեք, գալիքին ներհյուսելով հիշողության շղթան:
    Խոսքս հատկապես ուղղված է մեր երիտասարդ գիտնականներին՝ մեր հողը, մեր երկիրը սրբազան է մեզ համար, այն կրողն է սրբազան մասունքների և դողում է ոգեղեն գալիքի սպասումից, և այդ ոգեղեն գալիքի կերտողները դուք եք: Այդ գիտակցումով մերձեցեք ձեռագրերին, որոնք շնչավոր էակներ են և կբացեն իրենց գաղտնիքները ձեր առջև: Այդպես մենք կոգեկոչենք մեր անցյալներին, որոնք նախախնամության տիրույթում, իբրև հոգևոր սերմեր, նյութում են, հղանում են մեր գալիքը:
    Սա է մեր պարտքը մեր սրբադասված զոհերի, մեր հոգևոր հայրենիքի առջև, քանի որ հոգևոր համաղետը մեր ներաշխարհով է անցել, մենք պետք է արարման զորեղ տարերքով ապաքինենք մեր հիշողությունը և նա կդառնա կենարար մեր և գալիք սերունդների համար: 

'