Թվային ռեսուրսներ





Անոնս


Տեսանյութ

 ՄԵԾԱՐԺԵՔ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ


  «Բարեխոհ բարեգործներն են հիմունքն աշխարհի». մաշտոցյան այս խոսքերի իմաստնության մեջ համոզվում ենք առ այսօր: Բարեխոհ բարեգործների շնորհիվ է նաև, որ Մաշտոցի անվան Մատենադարանի  ֆոնդը հարստացավ ևս մեկ մեծարժեք նվիրատվության արդյունքում: Նվիրատուները բոստոնահայ քույրեր Բեատրիս և Մարիա Ղրդյաններն էին, ովքեր իրականացրին իրենց վաղամեռիկ եղբոր՝ Ռուբեն Ղրդյանի նվիրական ցանկությունը: Մասնագիտությամբ բժիշկ Ռուբեն Ղրդյանը տասնյակ տարիների ընթացքում հավաքել և համալրել էր իր անձնական հավաքածուն՝ նպատակ ունենալով այն մի օր նվիրաբերել Մաշտոցյան Մատենադարանին: 2014 թվականին  նրա նվիրական ցանկությունն իրականություն դարձրին նրա  քույրերը՝ Մատենադարանին հանձնելով 5 ձեռագիր, 140 հատոր հնատիպ գրքեր. 5 ձեռագրերից միայն մեկն է հայերեն՝ Աստվածաշնչի «Իմաստութիւն Սիրաքայ» գիրքը՝ գրված 17-րդ դարում, մյուս 4 ձեռագրերը արաբատառ  են (երեքը՝ արաբերեն, մեկը՝ պարսկերեն)։ Դրանցից մեկը նկարազարդ ու գեղեցիկ մի Ղուրան է, գրված1858 թվականին Մուհամմադ Ռասմի անունով գրչի ձեռքով։ Մյուս երկու ձեռագրերը յուրօրինակ նկարազարդումներով արաբերեն աղոթագրքեր են, որ պարունակում են հատվածներ Ղուրանից։ Երկուսում էլ կան մանրանկարներ, նուրբ ճակատազարդեր ու լուսանցազարդեր։
  Մյուս ձեռագիր պարսկական պոեզիայի մի նմուշ է, որ պատկանում է 12-13-րդ դարերում ապրած սուֆի մտածող և բանաստեղծ Աթթար Նիշաբուրիի գրչին. ձեռագիրն ընդօրինակված է 19-րդ դարի սկզբին։ Մատենադարանի հնատիպ գրքերի հավաքածուն համալրվել է ավելի քան 140 հատոր հնատիպ գրքերով, որոնցից 10-15-ը հազվագյուտ օրինակներ են, այդ թվում՝ 17-18-րդ դարերում Եվրոպայի տարբեր կենտրոններում տպագրված հայ գրքարվեստի նմուշներ՝ 1670-ին Լիվոռնոյում Ոսկան Երևանցու տպագրած Ռոբերտոս Բելարմինոսի «Վարդապետութիւն Քրիստոնեական»-ը, 1698-ին Սա
րգիս Եվդոկիացու տպարանում տպված Երեմիա Մեղրեցու «Բառագիրք Հայոց»-ը։ Հնատիպ գրքեր կան նաև օտար լեզուներով գրքերի շարքում՝ 1600-1700-ական թվականներին տպված արժեքավոր հատորներ։
  Ղրդյանների ընտանիքը Մատենադարանին հանձնեց նաև պատմամշակութային արժեք ունեցող Արցախի և Շատախի 2 հին գորգ, Վարագավանքի 1800 թվականի արված լուսանկարը, քարտեզներ:
  Վերջին հինգ տարիներին Մատենադարանի ձեռագրային ֆոնդը նվիրատվությունների շնորհիվ համալրվել է մոտ 1500 միավոր ձեռագրով: Իրենց տոհմական կամ ընտանեկան գանձերը նվիրաբերելով Մատենադարանին՝ նվիրատուները հուզումնալից ապրումներ են ունենում՝ քաջ գիտակցելով իրենց կատարած վեհ քայլի կարևորությունն ու խորհուրդը:
  «Այդ արարողության մեջ և՛ անձնական, և՛ անանձնական խորհուրդ կա՝ կարծես այդ արարքով մարդը միախառնվում է սերունդների խորհրդավոր փոխկանչին, որոնց արձագանքներով լեցուն են մեր սրբազան սափորները՝ մեր ձեռագրերը, որոնց հոգետունը Մաշտոցյան Մատենադարանն է», - իր խոսքում նշեց Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը: Նա կարևորեց այն մարդկանց, ովքեր կատարում են այս հայրենանվեր գործը և ի նշան երախտիքի Ղրդյան քույրերին պարգևատրեց «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալով:

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի
գիտահետազոտական ինստիտուտ



'