ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆ ՀՐԱՉՅԱ ԹԱՄՐԱԶՅԱՆԻՆ


  Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 17-ին ընդունել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանին և ճարտարապետ Արթուր Մեսչյանին:
  Հանդիպմանը քննարկվել են Արցախում Մատենադարանի հիմնադրման և Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի շենքի հիմնանորոգման հետ կապված հարցեր:
  Նախագահ Սահակյանը կարեւորել է Մատենադարան ինստիտուտ-թանգարանի աջակցությունն Արցախում համանման ինստիտուտի ստեղծման գործում՝ նշելով, որ այն մեծապես կնպաստի պատմական արժեքների պահպանմանը և հայրենի ժողովրդի պատմության մասնագիտական ուսումնասիրմանը:
  Ճարտարապետ Արթուր Մեսչյանը Նախագահին է ներկայացրել Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի շենքի հիմնանորոգման նախագիծը: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Արցախի մայր թատրոնը, լինելով մեր հանրապետության մշակութային կարևորագույն օջախներից մեկը, պետք է ունենա ժամանակակից չափանիշներին համապատասխանող շենքային պայմաններ, և այս համատեքստում կարևորել Հայաստանի առաջատար ճարտարապետների հետ համագործակցությունը՝ այն համարելով նախատեսված աշխատանքների հաջող իրականացման նախադրյալներից մեկը:
  Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք:


Աղբյուրը՝ president.nkr.am


Բակո Սահակյանը ընդունել է Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանին
'