ՀԱՆԴԻՊՈՒՄ «ՎԻՔԻՄԵԴԻԱ ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՏ

Հանդիպման ընթացքում հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Մկրտչյանը ներկայացրեց Վիքի նախագծերի նպատակները, գործունեության սկզբունքներն ու ծրագրերը: Ըստ բանախոսի՝ «Վիքիմեդիա Հայաստանը» հիմնադրվել է որպես «Վիքիմեդիա Հիմնադրամի» հայաստանյան մասնաճյուղ։ Կազմակերպության նպատակն է՝ խթանել վիքի նախագծերի տարածումը և զարգացումը Հայաստանում և տարածաշրջանում, հանրայնացնել ազատ գիտելիքի գաղափարը, ինչն էլ պետք է արտահայտվի տարբեր ոլորտների մասնագետների, գիտական, կրթական կազմակերպությունների, այս դեպքում՝ Մատենադարանի գիտաշխատողների վիքիմեդիայի նախագծերի, մասնավորապես, բոլորին հայտնի Վիքիպեդիա օնլայն հանրագիտարանի խմբագրման աշխատանքներին ակտիվ մասնակցությամբ:
Հանդիպման ընթացքում կազմակերպության քարտուղար Մհեր Բեքարյանը մանրամասն անդրադարձավ Վիքիպեդիա ազատ հանրագիտարանի խմբագրման սկզբունքներին, առանձին օրինակներով ցույց տվեց այդ աշխատանքի դյուրությունն ու իրականացման ճանապարհները:
Կարևորելով համացանցում հայկական բովանդակության աճի պահանջը, կարևոր տեղեկատվության հասանելիությունը՝ «Վիքիմեդիա Հայաստան» հասարակական կազմակերպության անդամները Մատենադարանի գիտաշխատողներին հորդորեցին ակտիվ մասնակցություն ցուցաբերել Վիքիմեդիայի նախագծերին, խմբագրել ու Վիքիպեդիա հանրագիտարանում տեղադրել իրենց ուսումնասիրությունների ու գիտական հետաքրքրությունների հետ առնչվող նյութեր, բառահոդվածներ:
ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի
գիտահետազոտական ինստիտուտ
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի
գիտահետազոտական ինստիտուտ