ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԵՎ ՍՈՖԻԱՅԻ ՍԲ. ԿՅՈՒՐԵՂ ԵՎ ՄԵԹՈԴԻՈՍԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ


  2013 թ. ապրիլին «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի և Սոֆիայի Սբ. Կյուրեղ և Մեթոդիոսի անվան Ազգային գրադարանի միջև կնքվել է պայմանագիր, որով հաստատվել է երկու ինստիտուտների միջև գիտական համագործակցության ստեղծումը, որի նպատակն է երկու հաստատություններում պահվող ձեռագիր և վավերագիր նյութերի գիտական ուսումնասիրությունը և հրատարակությունը, զանազան ծրագրերի իրականացումը, մասնագետների փոխանակումը: Պայմանագիրը կնքվել է մշակույթի, կրթության և գիտության ոլորտում համագործակցության համաձայնագրի հիման վրա, որը ստորագրվել է 1994 թ. ապրիլի 25-ին Բուլղարիայի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև:
  Պայմանագրի կնքումն ունի մեծ նշանակություն, քանի որ Սոֆիայի Ազգային գրադարանում պահվում են հայագիտությանն առնչվող բազմաթիվ արժեքավոր նյութեր, որոնք դեռևս ուսումնասիրված չեն: Պայմանագրով նախատեսվող քայլերից են Սբ. Կյուրեղի և Մեթոդիոսի անվան Ազգային գրադարանի Օսմանյան արխիվային դիվանում պահվող հայկական արխիվային միավորների նկարագրական տվյալների դասակարգումը, համադրումը և թվայնացումը, գրադարանում պահվող հայերեն նյութերի գիտական նկարագրության իրականացումն ու հրատարակումը՝ հայերեն, բուլղարերեն և այլ լեզուներով, գրադարանային գործի մասնագետների օգնությամբ ներկայումս Բուլղարիայում գտնվող հայերեն ձեռագրերի հետքերի ճշտորոշումը և այդ ձեռագրերի կամ դրանց թվային տարբերակների ձեռքբերումը:
  Համագործակցության և հետագա նախագծերի համատեքստում բուլղարական կողմի հետաքրքրությունների շրջանակներում են նաև Մատենադարանի ունեցած փորձն ու հմտությունները՝ ձեռագրերի և փաստաթղթերի թվայնացման, վերականգնման, գիտական մշակման և նկարագրության, ձեռագրերի մակետավորման և մանրանկարների կրկնօրինակման բնագավառներում, Մատենադարանում պահվող ձեռագրերի և արխիվային նյութերի սկզբնաղբյուրային բացառիկ նշանակությունը սլավոնագիտության, բյուզանդագիտության, արևելագիտության և ընդհանրապես միջնադարագիտության համար:





'