ՋԱՎԱԽԱՀԱՅՈՑ ՆՎԻՐԱԲԵՐՈՒՄՆԵՐԸ ՄԱՇՏՈՑԻ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ

 
  2013 թ. ևս բարեբեր ու առատաձեռն եղավ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենատարանի համար նորանոր ձեռքբերումներով, նվեր ձեռագրերով՝ արժեքավոր, ինքնատիպ ու հետաքրքիր:
  Յուրաքանչյուր ձեռագիր իր մեջ պարփակում է ոչ միայն և ոչ այնքան տվյալ գրչագիրը ստեղծողի, ժամանակի ու միջավայրի հղացքը, այլ բովանդակ հայ կյանքի, մշակույթի ու պատմության ամբողջական շղթայի մի կարևոր օղակը: Ահա թե ինչու, յուրաքանչյուր ձեռագրի «տունդարձ»-ը Մատենադարան՝ իսկական տոն է:
  Այս անգամ Մատենադարանում սպասում էին Ախալցխայից՝ պատմական Ջավախք աշխարհից ժամանած պատվիրակությանը. հայտնի գործարար Սոս Սահակյանը և Աշոտ Հակոբյանը Ջավախքի Ասպինձա շրջանի Դամալա գյուղի եկեղեցու և համայնքի անունից Մատենադարանին հանձնեցին հայ ձեռագրական մշակույթի զույգ նշխարներ: Դրանցից մեկը Սիմեոն Ջուղայեցու «Քերականություն ըստ լեզուի մերում հայկազանց» նշանավոր երկն է (ԺԷ դար), իսկ մյուսը՝ 1666 թ. Եվդոկիայում ընդօրինակված «Պարզատումար» է: Մատենադարանին  նվիրաբերվեց նաև հարուստ մանրանկարչությամբ՝ 1682 թ. գրված մի ձեռագիր հմայիլ, որ հայոց ցեղասպանության տարիներին փրկվել էր էրզրումցի մի ընտանիքի կողմից և բերվել Ախալցխա: Տոհմական այդ սրբությունը Մատենադարանին հանձնեց տոհմի ժառանգներից Հովհաննես Չիթչյանը:
  «Մեր նվիրատուների անունները ոսկե տառերով են գրվում Մատենադարանի կենսագրության մեջ, ինչպես նաև այն մարդկանց, համայնքների, հոգևոր կենտրոնների անունները, որոնք դարերով սերնդեսերունդ փոխանցել, հաճախ կյանքի գնով փրկագնել են այդ ձեռագրերը: Ահա թե ինչու մենք կոչ ենք անում մեր բոլոր բարեկամներին՝ փրկել հայերեն ձեռագրերը անվերադարձ կորստից, քանի որ աշխարհում թափառող մի մատենադարան կա Մատենադարանից դուրս, որի գոյությունը վտանգված է, որը կանգնած է կորստյան եզրին, որը սպասում է տունդարձի, որը կարիք ունի բուժման ու խնամակալության, քանի որ ձեռագրերը ոչ թե իրեր, այլ շնչավոր ոգիներ են»,- ասաց Հրաչյա Թամրազյանը: Տնօրենի կողմից նվիրատուներին հանձնվեցին «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալներ և մատենադարանյան արժեքավոր հրատարակություններ:
  Շրջելով Մատենադարանում՝ հյուրերը եղան ոչ միայն ցուցասրահներում, այլև գիտական աշխատանոցներում, պահոցներում, տեսան նրա աննախադեպ վերելքն ու զարգացումը, և խոստացան այսուհետ ևս հետամուտ լինել նորանոր ձեռագրերի հայտնաբերման և հավաքագրման աշխատանքին: Հանդիպման ավարտին պատվիրակությունը Մատենադարանի տնօրինությանը հրավիրեց  Դամալա՝ Հունիսի 2-ին կայանալիք հայրենի գյուղին նվիրված ամենամյա տօնակատարությանը: Այսպես, մատենադարանցիների փոքրիկ խումբը՝ տնօրենի գլխավորությամբ, ուղևորվեց Դամալա:
  Դամալացիները հպարտ են իրենց գյուղով, որն այսօր Ջավախքի ամենամեծ հայաբնակ գյուղն է: Բնակիչները գաղթել են 1829 թ. Էրզրումից: Գյուղի քարաշեն Սուրբ Խաչ եկեղեցին կառուցվել է 1830-ական թվականներին, որը 1920-ականներին ուրիշ շատ եկեղեցիների նման փակվել ու վերածվել էր պահեստի: Եկեղեցին վերականգնվել ու վերաօծվել է 2008 թ.: Այդ թվականից ի վեր համայնքը նշում է Դամալա գյուղի օրը:
  Մատենադարանին նվիրաբերվեցին տասնյակից ավելի ձեռագրական միավորներ. նվիրատուներն են Գագիկ Մկրտչյանը Ախալցխայից՝ 1 հմայիլ, դամալացի Սուրեն Բաղդասարյանի ընտանիքը՝ 9 հմայիլ, 1 հիշատակագրություն, 4 վավերագիր և թվով 15 զանազան պատառիկներ: Բոլոր այս միավորները կարված ու սոսնձված էին իրար, և Մատենադարանի վերականգնման բաժնում արդեն իսկ խնամքով վերականգվել և տարանջատվել են:
  Խումբը նախապես ծրագրել էր անպայման այցելել նաև Ծղրութ (կամ Ծուղրութ) գյուղ: Հայ մշակույթի և առհասարակ ձեռագրական աշխարհի համար Ծղրութը հայտնի դարձավ այն օրից, երբ նշանավոր հայագետ, արվեստաբան Գարեգին Հովսեփյանը հայտնաբերեց և 1898 թ. հրատարակված իր հոդվածներից մեկում գրեց, որ հենց այստեղ՝ Ծղրութում է պահվում «հայերեն հնագույն ձեռագրերից մեկը, գրված մագաղաթի վրա Քրիստոսի 974 թ.», այսպես էլ ձեռագիրը գյուղի անունով մկրտվեց Ծղրութի Ավետարան անունով: Շատ գիտնականներ պարբերաբար այցելել են Ծղրութ, ուսումնասիրել, մանրամասն նկարագրել և նկարել են այս ձեռագիրը, իսկ 2006թ. հրատարակվեց արվեստաբան Նիկոլայ Քոթանջյանի մենագրությունը՝ նվիրված Ծղրութի Ավետարանին:
Մասնագետների կարծիքով Ծղրութի Ավետարանը առանձնանում է ձեռագիրը զարդարող մանրանկարների արտահայտչականությամբ և պատկերագրության ինքնատիպությամբ: Ձեռագրի նշանակությունը, հետևաբար նաև մասնագիտական շրջանակների հետաքրքրությունը նրա շուրջ, պայմանավորված է մանրանկարների պատկերային լեզվի բացառիկ արտահայտչականության, գեղարվեստական բարձր արժանիքնեքով և ձեռագրի բուն կառուցվածքի արտասովոր առանձնահատկություններով, որոնք իրենց վրա կրում են ընդհանրապես ձեռագրական արվեստի ամենավաղ շրջանի հետքեր:
  Ծղրութ գյուղում խումբն այցելեց նաև Գինոսյանների ընտանիքին, որոնց մոտ պահվում է մի այլ նշանավոր Ավետարան, որ հայտնի է նաև Կարմիր Ավետարան անունով. այն գտնվում է նույնքան վատթար վիճակում:
  Մատենադարանցիները եղան նաև Ջալա գյուղում, ուր ավելի արտառոց դեպքի ականատես եղան՝ Ավետարանի, որ պահվում էր բետոնապատ «մատուռ»-ում, լրիվ քայքայված վիճակում:
  Այս կապը երկուստեք կենսական նշանակություն ունի, որ կամրջում է նույն հոգևոր ակունքներից սնվող Ջավախք աշխարհը Մայր Հայրենիքի և Մատենադարանի հետ:

Վարդի Քեշիշյան
'