ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՆ ՈՒ ԶՄՄԱՌԻ ՎԱՆՔԸ ԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀՈՐԻԶՈՆՆԵՐԻ ԱՌՋԵՎ


  Զմմառի վանաստանը հիմնել է հայ կաթոլիկ առաջին պատրիարք-կաթողիկոս Աբրահամ Պետրոս Ա Արծիվյանը 1742 թ.: Արծիվյանը՝ հաստատվելով Լիբանանում՝ լեռնային Քրեյմ գյուղում կառուցեց վանք՝ հիմք դնելով միաբանության, իսկ 1749 թ. Քեսրվանի լեռների վրա ձեռնարկեց նոր վանքի՝ ներկայիս Զմմառի վանքի շինությունը:
  Արծիվյանի հիմնած վանաստանը տարիների ընթացքում վերածվեց վանական մեծ համալիրի՝ իր Ժառանգավորաց վարժարանով և Ընծայարանով:
  Զմմառի վանքը կատարել է նաև հայ մշակութային արժեքների հավաքման և պահպանման կարևոր աշխատանք: Վանքը հայկական ձեռագրերի կարևորագույն հավաքածու ունեցող կենտրոններից է Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց, Վենետիկի ու Վիեննայի Մխիթարյան վանքերի պես:
  Զմմառի վանքն այժմ ունի ավելի քան 2000 ձեռագրեր՝ տասնյակ Շարակնոցներ՝ խազագրված և զարդանկար, Կիլիկյան Հայաստանի բժշկագիտական դպրոցի դրոշմը կրող Բժշկարաններ, եկեղեցական հայրերի դավանաբանական խնդիրների վերաբերյալ երկասիրություններն ու մեկնողական գրականության օրինակներ:
  Զմմառի վանքի ձեռագրերի առաջին ցուցակը պատրաստած Մեսրոպ վրդ. Քեշիշյանը նկարագրել է միայն այն ձեռագրերը, որոնք 1924 թ. վանքի հավաքածուի մաս էին կազմում, ընդ որում՝ ցուցակագրել է մասնակիորեն՝ ընդգրկելով ժամանակով առավել հին ձեռագրերը (Ցուցակ Զմմառի, հատ. Ա): Հետագայում Կ. Պոլսից Զմմառ են տեղափոխվել նաև նախկին Անտոնյան միաբանության ձեռագրերը, որոնք նկարագրել են Ներսես Ակինյանը  և  Համազասպ Ոսկյանը  (Ցուցակ Զմմառի, հատ. Բ):
  Հետագայում ևս Զմմառյան հավաքածուն համալրվել է նորանոր ձեռագրերով, որոնց վրա պետք է ավելացնել նաև ցանկերից դուրս մնացած ձեռագրերը: Այսպիսով, 2000-ից ավելի ձեռագրերից նկարագրված է ընդամենը 782 միավոր, մնացած ավելի քան 1200 ձեռագրերը սպասում են իրենց ուսումնասիրողին:
  Վերջին շրջանում Մաշտոցի անվան Մատենադարանի և Զմմառի կենտրոնի միջև հաստատվել է շարունակական գիտական համագործակցություն: Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի և Պատրիարքական փոխանորդ, Զմմառի վանքի մեծավոր Հ. Գաբրիել ծայրագույն վրդ. Մուրադյանի միջև ստորագրվեց համաձայնագիր, ըստ որի՝ Մատենադարանը իր վրա է վերցնում գիտականորեն անմշակ ձեռագրերի նկարագրության աշխատանքները: Այսպիսով, Զմմառի մատենադարանի ձեռագրացուցակի նախորդ երկու հատորներին կգումարվեն ևս չորսը:
  Այս համաձայնությունը հնարավոր դարձավ փոխադարձ այցելությունների ու հանդիպումների ընթացքում:
  Համաձայնագիրը ստորագրվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Լիբանան պաշտոնական այցելության շրջանակներում: Նախագահը կարևորեց Զմմառի վանքի դերը հոգևոր, նյութական արժեքների պահպանման հարցում, ինչպես նաև՝ Մատենադարանի դերն արտերկրում և սփյուռքի զանազան գաղթօջախներում գտնվող խոշոր ձեռագրատների և մասնավոր հավաքածուների հետ նմանատիպ աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ՝ նշելով որ Մատենադարանն ունի նման աշխատանքների կազմակերպման տասնամյակների ավանդույթ, իսկ այժմ՝ նոր գիտական համալիրի կառուցումից հետո, իր պահպանման, վերականգնման, թվայնացման արդիական համակարգերով դարձել է աշխարհի լավագույն կենտրոններից մեկը:

'