ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՏՊԱԳԻՐ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՄՈՒԼԻ ԲԱԺԻՆ

  Մաշտոցի անվան Մատենադարանի տպագիր գրքերի և մամուլի բաժինները կազմավորվել են Էջմիածնի կաթողիկոսարանի Մատենադարանի հավաքածուների հիման վրա:
  1939 թ. Մատենադարանը Էջմիածնից տեղափոխվեց Երևան` ժամանակավոր հանգրվանելով Հանրային գրադարանի 3-րդ և 4-րդ հարկերում: Մինչև 2012 թ. սեպտեմբեր ամիսը մամուլի և տպագիր գրքերի բաժինները առանձին են եղել, այժմ միավորվել և մեկ բաժին են դարձել:
  Բաժնի հիմնական գործառույթներն են` գրքերի և մամուլի համալրում, մշակում, գրանցում, քարտագրում և տեղադրում քարտարանում, սպասարկում:
  Համալրումը կատարվում է գնումներով և նվիրատվությամբ: Երախտագիտությամբ ենք հիշում մեր բարերարներին, մասնավորապես՝ «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկությանը և այն նվիրատուներին, որոնց ջանքերով լրացվում են գրադարանի ֆոնդերը: Անհատական ֆոնդերից հիշատակության են արժանի Սիրարփի Տեր-Ներսիսյանի, Երվանդ  Տեր-Մինասյանի, Լևոն Խաչիկյանի, Սեն Արևշատյանի, Ավո Հովհաննիսյանի, Սուրեն Քոլանջյանի, Պարույր Մուրադյանի, Ալիս Մանուկյանի, Անահիտ Փերիխանյանի, Վախթանգ Գևորգյանի  և այլոց հավաքածուները:
  Հատուկ ուշադրության է արժանի հնատիպ գրքերի հավաքածուն (1512-1800 թթ.), որտեղ պահվում են հայ առաջին տպագրիչ Հակոբ Մեղապարտի Վենետիկում տպագրած 5 գրքերը` «Ուրբաթագիրքը», «Պատարագատետրը», «Աղթարքը», «Պարզատումարը», «Տաղարանը» (1512-1513 թթ.): Գրադարանն ունի նաև Ոսկան Երևանցու տպագրած հայերեն առաջին Աստվածաշունչը  (Ամստերդամ 1666-1668 թթ.):
  Հարուստ է նաև մամուլի ֆոնդը, որի հիմնական մասը կազմում են Կ. Պոլսում, Զմյուռնիայում, Թիֆլիսում, Բաքվում, Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Վենետիկում, Երուսաղեմում, Ալեքսանդրապոլում, Շուշիում և այլ քաղաքներում լույս տեսած թերթերն ու ամսագրերը:
Մատենադարանն ունի մամուլի՝ հայերեն, ռուսերեն և եվրոպական լեզուներով լույս տեսած հարուստ հայագիտական նյութ: Հայերեն հավաքածուի նյութերը ընդգրկում են 200 տարուց ավելի մի ժամանակաշրջան՝ սկսած մեր առաջին պարբերական «Ազդարար»-ով (Մադրաս, 1794-1796 թթ.), որի միակ օրինակը ցուցադրված է Մատենադարանի ցուցասրահում:
  Մատենադարանի պարբերական մամուլի հայերեն ֆոնդերի աշխարհագրությունը շատ լայն է՝ սկսած Եվրոպայից ու Ամերիկայից, մինչև Մերձավոր և Միջին Արևելք ու Հնդկաստան: Հիշյալ երկրների քաղաքներից մամուլի ֆոնդերում պահվող պարբերականների մեծագույն բաժինը Կ. Պոլիսից, Զմյուռնիայից և Թիֆլիսից են: Կ. Պոլսի հրատարակություններից  կարելի է հիշատակել «Բյուզանդիոն» (1895-1918 թթ.), «Արևելք» (1884-1912 թթ.), Զմյուռնիայի «Արշալույս Արարատյան» (1840-1887 թթ.), Վանի՝ Խրիմյան Հայրիկի հրատարակած «Արծվի Վասպուրականի»  (1858-1864 թթ.), Թիֆլիսի « Արձագանք» (1882-1898 թթ.), «Կովկաս» (1846-1847 թթ.), «Մշակ» (1872-1920 թթ.), «Նոր-Դար» (1884-1908 թթ.), «Հորիզոն» (1909-1918 թթ.) թերթերը:
  Հայագիտական տպագիր գրականության և մամուլի բաժնի առաջնակարգ խնդիրներից է ֆոնդերի համալրումը, պահպանումն ու էլեկտրոնային քարտարանի ստեղծումը:
  Մամուլի և գրքերի գրապահոցները գտնվում են Մատենադարանի գիտական մասնաշենքի 1-ին հարկում:


Տպագիր գրքերի և մամուլի բաժինն  աշխատում է  երեքշաբթի-շաբաթ օրերին, ժամը 10։00-17։00: 
Ընթերցողների սպասարկման ժամերն են 11։00-12։00  և  14։00-15։00:

Հայագիտական տպագիր գրականության բաժնի վարիչ՝
Ռայա Բլբուլյան
Էլ.փոստ`library@matenadaran.am
Հեռախոս`(010)51-30-30 ներքին`1-37
'