Թվային ռեսուրսներ





Անոնս


Տեսանյութ

ՀԱՅ ԲԱՐԵՐԱՐՆԵՐԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ ՆՎԻՐԱԲԵՐԵՑԻՆ ԵՎՍ 2 ՁԵՌԱԳԻՐ

   «Ամեն անգամ, երբ Մատենադարան եմ մտնում, ասես հանդիպման եմ գալիս Մեսրոպ Մաշտոցի հետ, իսկ երբ դուրս եմ գալիս, Մաշտոցն ասես ինձ պատվիրում է. «Իմ հորինած տառերով ինչքան գիրք կա, հավաքիր, բեր Մատենադարան»: Մաշտոցի այս պատգամին հետևելով՝ անցած տարվա հոկտեմբերին Մոկաց Ավետարանը Մատենադարանին նվիրաբերելուց հետո անվանի բարերար, տնտեսագիտության դոկտոր, մոսկվաբնակ Հրանտ Պողոսյանն ու նրա ընկերները ձեռք բերեցին ևս 2 նոր ձեռագիր, որոնց պաշտոնական հանձնումը տեղի ունեցավ երեկ: Դրանցից մեկը Մեծոփաց վանքի 1339 թ. Ավետարանն է, մյուսըՙ XVII դարի ծաղկող Մեսրոպ Խիզանցու Շարակնոցը: Ձեռք բերելու պատմությունը սկսվել է այսպես. «Երևանի 2 քաղաքացի դիմել էին Մատենադարան, հայտնելով, որ իրենց ձեռքի տակ ունեն արժեքավոր ձեռագրեր: Ինձ պետք էր իմանալ գիտաշխատողների կարծիքը, Դրանից հետո միայն ընկերներով ձեռք բերեցինք ու ընդմիշտ հանձնեցինք Մատենադարանին: Գումարի մասին չեմ ուզում խոսել, դա մեր ներքին գաղտնիքն է, մեզ համար ձեռագրերը գին չունեն, դրանք անգին են: Վերջերս իմացանք, որ Արևելյան Եվրոպայի երկրներից մեկում կա մի կաթոլիկ հայ եկեղեցի, որի հարուստ գրադարանում պահվում են մոտ 50 ձեռագիր և մեծ թվով հին գրքեր: Շուտով կմեկնենք այնտեղ դրանք տեսնելու և Հայաստան բերելու»: Մատենադարանի նախկին տնօրեն, ակադեմիկոս Սեն Արևշատյանը հրաշալի է հասկանում նրան, լավ գիտի, որ Պողոսյանի նման մարդկանց համար ձեռագիր գնելը հոգեկան մեծ բավականություն է ու նաև ներքին անդորրՙ արժեքավոր մասունքները փրկելու և սերունդներին պահ տալու գիտակցումից: Նրա միտքը բարերարը հաստատում է ասելով. «Մեր արարքում ոչ մի ցուցամոլություն չկա, եթե նույնիսկ այդ մասին ոչ մի տեղ չգրվի ու չասվի, մենք դրանից վատ չենք զգա, որովհետև մեզ համար կարեւորը ձեռագրերը Մատենադարանին հանձնելն է: Թե ի՞նչ կգրեն, ի՞նչ գույներով կլուսաբանեն, դա հարցի երկրորդ կողմն է»:
   Նվիրաբերված Ավետարանի կյանքի պատմությունը Մատենադարանի տնօրեն Հրաչ Թամրազյանը նմանեցրեց մեր ժողովրդի ճակատագրին: «Չարչարանաց ճանապարհ անցնելուց, բազմիցս գերեվարվելուց ու փրկվելուց հետո Ավետարանը Մեծ եղեռնի տարիներին մի անգամ ևս փրկվել է ու նվիրաբերվել Երևանի Պողոս Պետրոս եկեղեցուն: 1937-ին այս եկեղեցին վայրենաբար ավերվել է, փրկված միակ մասունքը եղել է այս Ավետարանը, որն այսօր Մատենադարան եկավ Հրանտ Պողոսյանի և նրա ընկերների շնորհիվ: Մոտ 2 տարի Ավետարանը եղել է Մատենադարանի տեսադաշտում, դրանով զբաղվել է մեր փոխտնօրեն Արշակ Բանուչյանը, և ահա վերջապես մեր բարերարի շնորհիվ ձեռագիրը հանձնվեց Մատենադարանին»:
Մատենադարանցիները Հրանտ Պողոսյանին և նրա ընկերներին ընծայեցին Էջմիածնի 989 թ. Ավետարանի եզակի պատճենը, տպագրված Ավստրիայում: Այս ձեռագիրը յուրօրինակ է՝ փղոսկրյա կազմով և վերջում զետեղված մանրանկարներովՙ թվագրված VI դ.:
Բարերարի և նրա ընկերների իրականացրած կրթական ծրագրերի մասին խոսեց կրթության եւ գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ընդգծելով, որ «համագործակցության ծրագրերը շարունակվում են և առաջիկայում հնարավորություն կունենան դրամական և բարոյական աջակցությունն ուղղորդելու գործնական կոնկրետ խնդիրներին: Մատենադարանին ձեռագրեր նվիրաբերելն ունի ուսուցողական նշանակություն, կարևոր է այն փաստը, որ վերջին 10 տարիներին նկատելի է ռուսահայ համայնքի բարերարությունը մշակույթի, գիտության, կրթության բնագավառներում: Այն իր չափերով համեմատելի, երբեմն նույնիսկ ավելին է ավանդական սփյուռքի օգնությունից, դա շատ դրական է, որովհետև մեր աչքի առջև ձևավորվում է ազգային գիտակցություն ունեցող ԱՊՀ երկրների հայկական սփյուռք»:
   Մատենադարանի ընթերցասրահում բարերարի հետ հանդիպման եկած գիտաշխատողները երեկ առիթ ունեցան առաջին անգամ դիտելու նորացման փուլում գտնվող Մատենադարանի նոր կայքէջըՙ www.matenadaran.am/am, որի վրա բարեգործական հիմունքներով աշխատում են «Ավիոինֆոտել» ՓԲԸ-ի մասնագետները: Ձեռագրերը համացանցում տեղադրելու, մատչելի դարձնելու համար Մատենադարանը համագործակցում է միջազգային հեղինակություն ունեցող հիշյալ ընկերության, ինչպես նաև ավստրիական «Գրաց» համալսարանի «Վեստիգիա» ձեռագրերի ուսումնասիրման կենտրոնի հետ: Բարեգործական ծրագրերը հնարավորություն են տվել բացելու 3 նոր աշխատատեղ: Հավելենք, որ թվայնացված ձեռագրերի տնօրինման և տիրապետման բացառիկ իրավունքը պատկանում է Մատենադարանին:

Աղբյուրը՝ azg.am
(Ռուզան Պողոսյան)


'