Թվային ռեսուրսներ





Անոնս


Տեսանյութ

ԱԳՈՒԼԻՍԻ XVII ԴԱՐԻ ԱՎԵՏԱՐԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐՎԵՑ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ

   Իրանահայ բարերար Ժենյա Այդինյանը բնակվում է ԱՄՆ-ում, սակայն ապրում է հայաստանյան հոգսերով ու ցավերով, ամեն պահ մտածելով ծնողազուրկ երեխաների, հաշմանդամ ազատամարտիկների, անօգնական ծերերի, նյութապես անապահով ուսանողների ու բոլոր նրանց մասին, ովքեր կարիք ունեն հոգածության` այս աշխարհում իրենց անպաշտպան չզգալու համար:
  Բարեգործությունը նրա համար կենսաձև դարձավ 12 տարի առաջ, երբ Նահանգներում ամուսնացնում էր միջնեկ որդուն: Հարսանիքից առաջ բարեկամներին ու ընկերներին խնդրեց հրաժարվել նորապսակներին նվեր գնելու գաղափարից և նախատեսած գումարը նվիրաբերել Հայաստանի որբ երեխաներին: Այդպես 1992-ին հիմնեց Հայաստանի մանկատների հիմնադրամը, իրականացրեց «Մեկ ընտանիք, մեկ հայրենիք» ծրագիրը, վերանորոգեց դպրոցներ, ծերանոցներ, գթության ձեռք մեկնեց հաշմանդամներին: Այդ ժամանակվանից ի վեր սկիզբ առավ համագործակցությունը Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ, համատեղ իրականացվեցին բազում ծրագրեր, որոնք շարունակվում են նաև այսօր:
   Ժենյա Այդինյանը ծնվել է Թեհրանում, սակայն կյանքի մի մասն անցկացրել է Անգլիայում, որտեղից 1980-ականներին տեղափոխվել է Նահանգներ: Հայաստան այցելում է գրեթե 3 - 4 ամիսը մեկ, որովհետև անելիքները շատ են, ամեն այցի ժամանակ ծնվում են բարեգործական նոր ծրագրեր: Անցած շաբաթ նա Մաշտոցի անվան Մատենադարանին նվիրաբերեց Ագուլիսի Սբ. Աստվածածին եկեղեցում 1622-ին գրված Ավետարանը, որը որպես տոհմական մասունք փրկել և Հայաստան էր բերել իր 4 զավակների հետ XIV դ. Նախիջևանից գաղթած Մանգասարը: Նրա ժառանգները երկար տարիներ աչքի լույսի պես պահպանել էին տոհմական սուրբ մասունքը` այդպես էր ավանդվել իրենց: Երբեք չէին մտածել ձեռագիրը վաճառելու մասին, դեռ 1970-ականներից Ավետարանն ի պահ էին տվել Մատենադարանին, սակայն կյանքի դժվարությունները հարկադրեցին վաճառել այն: «Այս Ավետարանը մեր տոհմական սրբությունն է եղել, վաճառելու մտադրություն բնավ չենք ունեցել, բայց որոշ հանգամանքներ ստիպեցին այդ քայլին գնալ: Ուրախ եմ, որ մեծարժեք ձեռագիր է, հրաշալի պահպանված, իսկ թե ինչպես է հասել Հայաստան, այդ պատմության մանրամասները, ցավոք, մեզ չեն փոխանցվել»-, ասաց ձեռագրի իրավական տերը` Տիգրան Մանգասարյանը, որը հայտնի ֆոտոլրագրող, կյանքից անժամանակ հեռացած Ռուբեն Մանգասարյանի եղբայրն է: Հենց նրանից էլ Ժենյա Այդինյանը գնեց Ավետարանն ու մեկընդմիշտ հանձնեց Մատենադարանին:
«Մենք ցանկանում ենք, որ այն ամենն, ինչ կա սփյուռքում, վերադառնա հայրենիք: Ես էլ եմ ուզում վերադառնալ հայրենիք և իմ հողի վրա ապրել: Երբ այսպիսի մի գիրք, մի մասունք գտնվեց և եկավ իր տուն, իր հայրենի հողի վրա, դրանից բարձր արժեք և մեծ ուրախություն չկա մեզ համար: Հուսով եմ, մեր հայրենակիցները կլսեն ձայնս և այդպիսի բոլոր գրվածքները կհանձնեն Մատենադարանին: Ես սիրով կհովանավորեմ, եթե կան այդպիսիք», ասաց Ժենյա Այդինյանը:
   Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը երախտագիտությամբ լի խոսքեր հղեց բարերարին: «Հիմա ձեր բոլոր ճանապարհների խաչմերուկում, ձեր կյանքի կիզակետում հայտնվեց մաշտոցյան Մատենադարանը, շնորհիվ եզակի մի ձեռագրիՙ 1622 թվականի Ագուլիսի Դաշտ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում գրված ու ծաղկված մեծարժեք Ավետարանի նվիրաբերման: Այն ձեր բյուրավոր բարեգործությունների մի յուրատեսակ խորհրդանիշն ու առհավատչյան կդառնա, իր հավերժական տեղը գտնելով մեր հոգեւոր գանձարանում: Իսկ ձեր անունն այսուհետև իր արժանի տեղը կգտնի Մատենադարանի նվիրատուների շարքում: Ձեր անցած ուղին բացառիկ նվիրումի, հոգևոր սխրանքների մի լուսածիր է, որ իր մեջ է բոլորել բյուրավոր մարդկանց, բացառիկ ճակատագրեր: Դուք բարություն եք սփռել ձեր ճանապարհին, մարդկային անհուն սեր ու ջերմություն պարգևելով բոլորին: Ձեր կյանքն անանձնական սիրո, անհուն գթության դրսևորում է: Դրա վկայությունն են ձեր կառուցած որբատները, հազարավոր երեխաները, որոնցից շատերը ձեր հոգեզավակներն են դարձել»:

Աղբյուրը՝ azg.am
(Ռուզան Պողոսյան)


'