Թվային ռեսուրսներ





Անոնս


Տեսանյութ

«ՓՅՈՒՆԻԿ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ ՆՎԻՐԱԲԵՐԵՑ ԵՎՍ 10 ՁԵՌԱԳԻՐ

   Դեռ երկու ամիս էլ չի անցել այն օրից, երբ «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի աջակցությամբ սիրիահայ Բերբերյան ամուսինները Մաշտոցի անվան Մատենադարանին նվիրաբերեցին Ադանայի առաջնորդարանի արխիվը (1905-1915 թթ.), ինչպես նաև արժեքավոր երկու ձեռագիր ու հնատիպ գրքեր, և ահա երեկ, հիմնադրամի ջանքերով, Մատենադարան մուտք գործեց ևս 10 ձեռագիր, որոնց թվումՙ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» երկի մի ընտիր օրինակը, ընդօրինակված 1331-ին, հայ գրչության խոշոր կենտրոններից մեկում` Կիլիկիայի Ակներ վանքում: Մեծարժեք հիշատակարաններով հարուստ այս ձեռագիրը Մատենադարանի վերջին շրջանի լավագույն ձեռքբերումն է` շնորհիվ հիմնադրամի բարեկամ Տիգրան Ջիերջյանի հատկացումների:
   Նվիրաբերած ձեռագրերի ցանկում են նաև XVII դարի ծիսական ժողովածու` «Մաշտոց», XVIII դարի հայերեն հմայիլ, XVII-XVIII դարերի արաբերեն-օսմաներեն կրոնական բովանդակության 5 ձեռագիր և XVII դարի 2 պարսկերեն մանրանկար:
Նվիրատվության առիթով մատենադարանցիները երեկ հյուրընկալեցին «Փյունիկ» հիմնադրամի պատվո նախագահ Գաբրիել Չեմպերճյանին , հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանին , ինչպես նաև հայագետ, ձեռագրերի ու վավերագրերի եզակի հավաքածու ձեռք բերած Միհրան Մինասյանին: Անձինք` նվիրյալ Մատենադարանին, որի համար էլ արժանացան Մաշտոցյան Մատենադարանի «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալին:
   «Մատենադարանը բարեբեր հող է բարեգործության և մարդկային ռեսուրսների զարգացման համար, և վստահ եմ, որ այստեղ ցանած սերմերը տասնապատիկ պտուղ կտան: Արված գործն ի մի բերելուց հետո ասեմ, որ հիմնադրամի ներդրումներով շուտով կսկսի գործել գրավոր հուշարձանների վերանորոգման, կոնսերվացման և ընդօրինակման, համառոտ անվանումով` «Վերանորոգման և մանրանկարչության դպրոցը», որը նոր մասնագետներ կպատրաստի Մատենադարանի համար: Այս աշխատանքները հիմնադրման օրվանից արվում են Մատենադարանում, մասնավորապես, վերականգման բաժնում, որը միջազգային վարկանիշ ունի և լավագույնն է տարածաշրջանում: Սակայն նշված ասպարեզներում ջանքերը պետք է եռապատկել, քանի որ վերանորոգման սպասող հազարավոր ձեռագրեր կան, իսկ ձեռագրական, արխիվային և հնատիպ գրքերի ֆոնդերն անընդհատ աճում են», ասաց Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը :
   Ձեռագրեր նվիրաբերելուն զուգահեռ հիմնադրամը Մատենադարանի համար վերջերս ձեռք է բերել ձեռագրերի վերականգնման համար անհրաժեշտ նյութեր, տպագրական և տեսագրման սարքավորումներ, իրականացրել հրատարակչական ծրագրեր: Հիմնադրամի հատկացումներով հրատարակվել է Մատենադարանի երջանկահիշատակ գիտաշխատող Սուսաննա Հովհաննիսյանի «Կիլիկյան ձեռագրերի լուսանցապատկերները» (XIII-XIV դդ.) ալբոմը եւ Մեծի Տանն Կիլիկիո Հայոց կաթողիկոսության եւ Մատենադարանի համատեղ ծրագրով լույս տեսած շքեղազարդ հնագույն Նարեկի նմանահանությունը: Այդ հայտնի ձեռագիրը, որի պատվիրատուն Ներսես Լամբրոնացին է, իսկ գրիչն ու ծաղկողը Գրիգոր Սկեւռացին, ընդօրինակվել է նախագաղափար օրինակից` Կիլիկիայի Սկեւռա վանքում, 1173 թ.: Ակներ վանքում ընդօրինակված Նարեկացու «Մատյանի» նվիրատվությունը եւ Սկեւռայում ընդօրինակված հնագույն «Մատյանի» նմանահանության լույսընծայումը Հրաչյա Թամրազյանը համարեց երջանիկ պատահականություն:
Մատենադարանի հետ իրականացվելիք նոր ծրագրերի մասին Գաբրիել Չեմպերճյանն ու Լեւոն Սարգսյանը չեն շտապում խոսել, սակայն դրանցից մեկի մասին այլեւս չէին կարող լռել, քանի որ պահը եկել էր. «Նախատեսել ենք Արցախում բացել Մատենադարանի մասնաճյուղ եւ այնտեղ ցուցադրել Արցախում գրված բոլոր ձեռագրերի ընդօրինակումները, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան տեսնելու, թե ինչպիսի արժեքներ են ստեղծվել Արցախում: Այս ծրագիրը հավանության արժանացավ երկրի նախագահի կողմից եւ շատ շուտով գործի կանցնենք», ասաց պրն Չեմպերճյանը:
   Նոր ձեռագրեր ձեռք բերելու Լեւոն Սարգսյանի ջանադիր աշխատանքը շատ շուտով կտա իր պտուղները եւ կարճ ժամանակ անց բարերարները Մատենադարան կայցելեն նոր անակնկալներով: Միհրան Մինասյանն անկեղծորեն խոստովանեց, որ «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալն իր վրա հավելյալ պարտավորություն դրեցՙ օտար ափերից հայերեն նոր գանձեր Մատենադարան բերելու եւ ազգային սեփականություն դարձնելու:

Աղբյուրը՝ azg.am
(Ռուզան Պողոսյան)


'