Թվային ռեսուրսներ





Անոնս


Տեսանյութ

ՊԵՏՐՈՍ ԲԵՐԲԵՐՅԱՆԻ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ՁԵՌԱԳՐԵՐՆ ՈՒ ՎԱՎԵՐԱԳՐԵՐԸ ՀԱՆՁՆՎԵՑԻՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ


   Սիրիահայ ամուսիններ Պետրոս և Աշխեն Բերբերյանները վաղուց էին փափագում հայրենիք այցելել, բայց տարբեր պատճառներով հետաձգում էին, հավանորեն սպասելով գեղեցիկ ու արտասովոր պահի: Եվ այդ պահը եկավ՝ Մատենադարանին երկու ձեռագիր և Ադանայի առաջնորդարանին առնչվող 1905-1915թթ. վավերագրերի բացառիկ հավաքածուն նվիրաբերելու առիթով: Ձեռագրերից մեկը Ներսես Շնորհալու «Յիսուս Որդի» քերթվածի XVII դարում ընդօրինակված ընտիր օրինակ է, մյուսը` արաբերեն-օսմաներեն կրոնական նյութերի XVIIIդ. ժողովածու:
   Նվիրատվության գաղափարը Պետրոս Բերբերյանի մտքում ծնվեց այն պահին, երբ Հալեպում, անցած ամիս (մայիսի 24-27), հանդիպեց Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանին, որն այնտեղ էր մեկնել կրթասիրաց վարժարանում «Մատենադարանի զարգացման հեռանկարները» թեմայով դասախոսություն կարդալու: Քառորդ ժամ նախատեսված նրանց հանդիպումը տևեց մի քանի ժամ և ավարտվեց այդ մեծարժեք ձեռագրերն ու վավերագրերն առաջիկա օրերին Հայաստան բերելու որոշմամբ:
Եվ ահա երեկ Մատենադարանում տեղի ունեցավ նվիրատվության արարողությունը՝ մասնակցությամբ տեր և տիկին Բերբերյանների, «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանի և այլոց:
   «Մատենադարանում պահվող ամեն ձեռագիր ունի իր կենսագրությունը, քանի որ դարերի ընթացքում անցել է սերնդե-սերունդ, ձեռքից-ձեռք: Սակայն կան ձեռագրեր, որոնք իրենցով ամբողջացնում, խտացնում են կարծես մեր ազգի ճակատագիրը, և այդ մասին բարբառում են նրանց հիշատակարանները:
Այս վավերագրերն, իբրև սկզբնաղբյուրներ, ունեն գիտական բացառիկ արժեք: Սակայն այս ձեռագրերի ու վավերագրերի պատմությունը, ինչպես ամեն ձեռագրի կամ վավերագրի պատմությունՙ ունի նաև խորը մարդկային մի շերտՙ հուզիչ ու սրտառուչ: Այս ձեռագրերը, մեծարժեք վավերագրերն ու գրքերը ձեռք են բերվել, պահվել և պահպանվել Բերբերյան ընտանիքի կողմից իբրև ընտանեկան սրբություն մեկ նպատակով այն երբևէ Մաշտոցյան Մատենադարանին ընծայելու համար: Եվ երեսուն տարի անց այդ փափագը կատարվում է, որի առթիվ շնորհավորում եմ նրանց եւ մեզ բոլորիս», ասաց Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը:
Այդ հիրավի արժեքավոր վավերագրերը Պետրոս Բերբերյանը 1980-ին Թուրքիայից տեղափոխել է Սիրիա, պահել որպես ընտանեկան սուրբ մասունք, որպեսզի օրերից մի օր դրանք ծառայեն ի նպաստ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման:
Աշխեն Բերբերյանը պատմում է, որ այդ ձեռագրերն ու վավերագրերը երեսուն տարի փայփայել է ինչպես հարազատ զավակներին, պարուրել սրտադող հայացքով ու հոգածությամբ:
   Հավաքածուի մեջ ներառված նամակները հասցեագրված են Այնթապի, Մերսինի, Տարսոնի, Հաճընի, Մարաշի, Սսի, Օսմանիեի և Ադանայի նահանգի մյուս հայկական բնակավայրերի հայոց առաջնորդարաններին: Որոշ նամակներ ուղղված են Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքությանը, Սսի կաթողիկոսությանը, Ադանայի ազգային երեսփոխանական ժողովին, Ադանայի նահանգի հայկական վարժարանների վարչական մարմիններին, Կ. Պոլսի հայկական հրատարակչություններին և ազգային այլ հաստատություններին: Որոշներն էլ հասցեագրված են ժամանակի հայտնի հոգևոր-հասարակական գործիչներ Մաղաքիա Օրմանյանին, Սահակ Խապպայանին, Մկրտիչ Աղավնունուն, Գևորգ Ասլանյանին, Գևորգ Աբուլյանին և այլոց: Ուշագրավ են նաև Ադանայի Վերին թաղի Չորք-Մարզպանի թաղական խորհրդի գործունեությանն առնչվող վավերագրերը (հաշվեցույցեր, վկայականներ, նամակներ, հեռագրեր, ելեւմուտի հաշիվներ և այլն):
   Ինչպես իր խոսքում նշեց Հրաչյա Թամրազյանը, վավերագրերից առավել արժեքավոր են Ադանայի Վերին թաղիՙ Չորք-Մարզպանի թաղական խորհրդի պատրաստածՙ տեղի Կեդրոնական և Աղջկանց վարժարանների և Ս.Աստվածածին եկեղեցու եկեղեցապատկան կալվածքների, շարժական ու անշարժ գույքի մասին տեղեկագրերը: Կան նաև հայկական բնակավայրերի տարբեր առաջնորդարաններից, Ադանայի թաղական խորհուրդներից և անհատ անձանցիցՙ Ադանայի Հայոց առաջնորդությանը հասցեագրված նամակներ, հեռագրեր, հուշագրեր և այն: Վավերագրերը հիմնականում հայերեն են, փոքրաթիվ մասըՙ ֆրանսերեն, արաբատառ եւ հայատառ թուրքերեն:
Վավերագրերն ունեն բացառիկ պատմագիտական արժեք: Դրանք անգնահատելի տեղեկություններ են հաղորդում նախաեղեռնյան շրջանի Ադանայի նահանգի հայության տնտեսական վիճակի, հոգևոր, կրթական և վարչական կյանքի մասին:
Իր ազգօգուտ գործունեության ու նվիրատվության համար Պետրոս Բերբերյանը պարգևատրվեց Մատենադարանի «Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալով, ստացավ հուշանվերներ, ալբոմներ:
   Մատենադարանի տնօրենը ցանկություն հայտնեց, որ Բերբերյանների նվիրատվությունը վարակիչ լինի բազմաթիվ սփյուռքայերի համար ու նրանց ուժերով հայրենիք հասնի սփյուռքի թափառող մատենադարանը:

Աղբյուրը՝ azg.am
(Ռուզան Պողոսյան)


'