ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ 15-րդ դարի արժեքավոր ձեռագրի նվիրատվություն Մատենադարանին Նվիրատվություն Մատենադարանին Նվիրատվություն Մատենադարանին Մեծարժեք նվիրատվություն Մատենադարանին Մատենադարանը նորից կհարստանա Միհրան Մինասյանի նվիրատվությամբ՝ 1040 ձեռագրով Հայ բարերարները Մատենադարանին նվիրաբերեցին ևս 2 ձեռագիր Մատենադարանին նվիրաբերվեց Նախիջևանից բերված XVII դարի ավետարան Ագուլիսի XVII դարի ավետարանը նվիրաբերվեց Մատենադարանին «Փյունիկ» հիմնադրամը Մատենադարանին նվիրաբերեց ևս 10 ձեռագիր Պետրոս Բերբերյանի ձեռք բերած ձեռագրերն ու վավերագրերը հանձնվեցին Մատենադարանին Նոր Ջուղայեցի բարեգործ Ավո Հովհաննիսյանի նոր նվիրատվությունները Մատենադարանին Մատենադարանը հարստանում է նոր ձեռագրերով և արխիվային ֆոնդերով «Փյունիկ» հիմնադրամի նվիրատվությունը Մատենադարանին Մատենադարանին հանձնվեցին կարևոր ձեռագրեր

Թվային ռեսուրսներ





Տեսանյութ

ՆՈՐ ՋՈՒՂԱՅԵՑԻ ԲԱՐԵԳՈՐԾ ԱՎՈ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՆՈՐ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ


   Նոր Ջուղայում մի քանի տասնամյակ առաջ տնային աճուրդի դրված մեծաքանակ հայերեն ձեռագրերը, վավերագրերն ու հնատիպ գրքերը ձեռք բերած հայ հավաքորդներից ոչ բոլորը դրանք նվիրաբերեցին հայաստանյան հայագիտական օջախներին, ցավոք, եղան մարդիկ, որ դրանք վաճառեցին օտար հաստատություններին, անհատներին` մեկընդմիշտ այդ ամենը դարձնելով նրանց սեփականությունը: Բարեբախտաբար, հավաքորդների մեջ եղան նաև հայրենանվեր մարդիկ, ինչպես Ավո Հովհաննիսյանը, որն իր կարողություններով ժողոված հավաքածուով հայոց հոգևոր գանձարանը հարստացրեց բազմաբյուր նյութերով, որոնց թվում են Մատենադարանին նվիրաբերած 65 ձեռագրերն ու բազում վավերագրերը, հնատիպ ու նոր գրականության նմուշները: Նրա նվիրատվություններով հարստացել են նաև Մայր Աթոռ Ս. Էջմիածինը, Հայաստանի պատմության թանգարանը, Ազգային և Խնկո Ապոր անվան գրադարանները, «Հայաստան» համահայկական հիմնադրամը, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը և այլք:
   Իր 40-ամյա գործունեության մասին խոսելիս նա առաջինը արտաբերում է Մատենադարանի անունը, որովհետև հայրենիքի հետ կապը խորացել է Մատենադարանից ստացած հոգևոր հզոր ազդակներից, հատկապես Մատենադարանի նախկին տնօրեն Լևոն Խաչիկյանից ստացած շնորհակալական նամակից, որում արտահայտված խորունկ մտքերն իրեն ուղեկցել են կյանքի ողջ ընթացքում: Մատենադարանի հետ կապը տարեցտարի ավելի է սերտացել. Սեն Արևշատյանից ստացել է առաջին հուշամեդալը, իսկ Հրաչյա Թամրազյանից օրերս ստացավ երկրորդ մեդալը` իր մեծ նվիրումի և ազնվագույն գործի համար:
   Նույնիսկ իր մեծարման օրը Ավո Հովհաննիսյանը դատարկաձեռն չէր եկել Մատենադարան, իր հետ բերել էր մեկ ձեռագիր` «Պատմութիւն կայսէրն Դիոկղատիանոսի եւ եօթն իմաստնասիրաց» ժողովածուն (XIX դ., Թավրիզ) և Գր. Նարեկացու «Մատյան ողբերգության» հնատիպ գիրքը` հրատարակված 1783 թվականին:
   «Նոր Ջուղայում կուտակված էին մեծաքանակ ազգային արժեքներ, և ես գիտակցում էի, որ մի օր դրանք օտարվելու կամ կորչելու են, և իմ կարողության սահմաններում ջանում էի փրկել այն ամենն, ինչ hնարավոր էր: Իմ նպատակն էր, որ դրանք մի օր վերադառնան հայրենիք ու գտնեն իրենց արժանի տեղը: Ցանկությունս ազնիվ է եղել, Աստված էլ ինձ շատ է օգնել, ու կարողացել եմ բոլոր ցանկություններս իրագործել: Չեմ բավարարվել միայն աճուրդներից ձեռագրեր գնելով, նաև քարոզչական աշխատանք եմ տարել նորջուղայեցիների մոտ պահված արժեքավոր ձեռագրերը փրկելու ու Մատենադարանին հանձնելու», նվիրատվությունից հետո ասաց Ավո Հովհաննիսյանը:
Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը, խոսելով Նոր Ջուղայի հայոց բարեգործական և հոգևոր մշակութային կյանքին Ավո Հովհաննիսյանի հաղորդած նոր բովանդակության մասին, շեշտեց հայրենասիրական-քարոզչական այն աշխատանքները, որոնց շնորհիվ տունդարձի ճամփա են բռնել բազմաթիվ հայ ընտանիքներ և հայ մշակույթի մեծարժեք նմուշներ ու հավաքածուներ:
   «Մենք գործ ունենք ոչ թե միանգամյա նվիրատվության կամ բարեգործության փաստի հետ, այլ նվիրատվությունների շարքի, որ կյանքի ընթացք է հուշում, որ զարդարում է մարդու կենսագրությունը, դառնում նրա էությունը, ապրելակերպը, հոգեկերտվածքը: Նման մարդիկ լցնում են կյանքը, այլասիրության, անձնական նվիրումի, ազգասիրության ամենօրյա դրսևորումներով, առանց զգալ տալու արվածի նշանակությունն ու կարևորությունը, որ մեր կյանքում հազվադեպ, կարելի է ասել, բացառիկ երևույթ է: Բացառիկ երևույթ է նաև նրանով, որ վերաբերում է ձեռագրական աշխարհին, պատմամշակութային վավերագրերին, որոնց ամեն մի պատառիկը իր չափով վերականգնում է մեր խաթարված, վտանգված համընդհանուր հիշողությունը, վերադառնալով մշակույթի կենդանի հարահոսի մեջ», ասաց Հրաչյա Թամրազյանը:
   Մատենադարանի փոխտնօրեն Շուշանիկ Խաչիկյանը երախտագիտությամբ լի իր խոսքում անդրադարձավ նաև «Նոր Ջուղայի խոջայական անցյալի համապատկերը վերականգնող «Նոր Ջուղայի խոջայական ապարանքների գեղարվեստական հարդարանքը (XVII-XVIII դարեր)» գրքին (համահեղինակներՙ Ավո Հովհաննիսյան և արվեստաբան Հրավարդ Հակոբյան), ընդգծելով դրա կարեւորությունը Նոր Ջուղայի պատմության եւ մշակույթի ուսումնասիության համար:
   Ավո Հովհաննիսյանի անուրանալի գործունեությունն ամփոփվել է նրա մասին պատմող ֆիլմում, որը դիտելու հնարավորություն ընձեռվեց նրա ծննդյան տարեդարձի կապակցությամբ: «Մեր սերն ու մեծարանքը Մատենադարանի բոլոր բարեգործներին` ի դեմս մեր սիրելի Ավո Հովհաննիսյանի, որի ծննդյան 70-ամյակը լրացավ վերջերս: Շնորհավորենք նրանք այդ առթիվ` բարեմաղթելով արգասավոր կյանքի երկար ճանապարհ և նորանոր խիզախումներ», ասաց Հրաչյա Թամրազյանը` նրան հանձնելով 1173-ին Կիլիկիայում գրված Գ. Նարեկացու «Մատյան ողբերգության» հնագույն ձեռագրի շքեղ նմանահանությունը:

Աղբյուրը՝ azg.am
(Ռուզան Պողոսյան)


'