Հայ բարերարները Մատենադարանին նվիրաբերեցին ևս 2 ձեռագիր «Փյունիկ» հիմնադրամի նվիրատվությունը Մատենադարանին Մատենադարանը հարստանում է նոր ձեռագրերով և արխիվային ֆոնդերով Նոր Ջուղայեցի բարեգործ Ավո Հովհաննիսյանի նոր նվիրատվությունները Մատենադարանին Պետրոս Բերբերյանի ձեռք բերած ձեռագրերն ու վավերագրերը հանձնվեցին Մատենադարանին «Փյունիկ» հիմնադրամը Մատենադարանին նվիրաբերեց ևս 10 ձեռագիր Մատենադարանին հանձնվեցին կարևոր ձեռագրեր Մատենադարանին նվիրաբերվեց Նախիջևանից բերված XVII դարի ավետարան Ավո Հովհաննիսյանը պարգևատրվեց «Մատենադարան» հուշամեդալով Մատենադարանը նորից կհարստանա Միհրան Մինասյանի նվիրատվությամբ՝ 1040 ձեռագրով Մեծարժեք նվիրատվություն Մատենադարանին Նվիրատվություն Մատենադարանին Նվիրատվություն Մատենադարանին 15-րդ դարի արժեքավոր ձեռագրի նվիրատվություն Մատենադարանին ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ Ագուլիսի XVII դարի ավետարանը նվիրաբերվեց Մատենադարանին

Թվային ռեսուրսներ





Անոնս


Տեսանյութ

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ ՀԱՐՍՏԱՆՈՒՄ Է ՆՈՐ ՁԵՌԱԳՐԵՐՈՎ ԵՎ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԵՐՈՎ


   Վերջին մեկ տարվա ընթացքում Մաշտոցի անվան Մատենադարանի ձեռագրական հավաքածուներն ավելացել են 33 միավորով, որոնց մեջ կան բացառիկ արժեք ներկայացնող ձեռագրեր: Մատենադարանի ձեռագրերի ընդհանուր թիվն այժմ կազմում է 17.260 միավոր: Դեռևս մեծաթիվ ձեռագրեր կան առանձին հավաքածուներում և անհատների մոտ, դրանք ձեռք բերելու համար Մատենադարանի տնօրինությունը հետևողական քայլեր է անում` բարերարների աջակցությամբ դրանք ազգային սեփականություն դարձնելու համար: Այժմ Մատենադարանում ի պահ է տրված երեք ձեռագիր, բացի այդ, տնօրինության տեսադաշտում են Հայաստանում և արտերկրում գտնվող բազմաթիվ ձեռագրեր:
   Մատենադարանի կառավարման խորհրդի երեկվա նիստում տնօրեն Հրաչյա Թամրազյանն իր հաշվետու զեկուցման մեջ նշեց, որ հարստացել է նաև արխիվային հավաքածուն, համալրվելով 5 արխիվային ֆոնդով` Լևոն Խաչիկյանի, Ս. Տեր-Ներսեսյանի, Համազասպ և Վիկտոր Համբարձումյանների, Գևորգ Աբգարյանի: Ձեռք են բերվել ավելի քան 30 առանձին արխիվային փաստաթղթեր ու թանգարանային առարկաներ: Սկսվել է արխիվային ֆոնդերի ամբողջական հաշվառման ընթացքը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Գ. Գյուլպենկյան հիմնադրամի առաջարկով, այս բաժինը տարբեր նախագծեր է մշակել: Արդեն իսկ սկսվել են արխիվային ֆոնդերի ուղեցույցի նախապատրաստական աշխատանքները: Ուղեցույցը կնպաստի Մատենադարանի բացառիկ արխիվային ֆոնդերի հանրահռչակմանը և արխիվային փաստաթղթերի որոնման դյուրացմանը:
   Արդեն ավարտվել է Կաթողիկոսական դիվանի հաշվառումը` շուրջ 44.000 միավոր, որոնց մեջ մեծ է հիվանդ կամ վնասված վավերագրերի քանակը: Առանձնացվել և ընդհանուր ֆոնդից մեկուսացվել են հազարից ավելի փաստաթղթեր, որոնք հաջորդաբար հանձնվում են վերականգնման բաժին: Վերականգնած և բուժված նյութերի քանակն արդեն անցել է 500-ից: Կատարվել է մեծ մակերեսով 8454 թերթերի ախտահանում և թերթային բուժում: Բուժվել է 36 գիրք և 250 վավերագիր: Սկսվել է միջնադարյան եբրայերեն թորաների բուժումը, ախտահանումն ու նորոգումը: Բուժվել է 110 մ մագաղաթյա թորա:
   Բարեգործական հիմունքներով բուժվել ու նորոգվել են Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի 15 արժեքավոր վավերագիր և 2 գիրք: Նույն հիմունքներով կատարվել է Օձունի վանքի մեծածավալ հնատիպ Աստվածաշնչի նորոգումը: Միաժամանակ շարունակվել է Մատենադարանի արծաթե կազմերի նորոգումը, վերանորոգվել է ձեռագրերի 19 արծաթե կազմ:
   Հաջողությամբ է ընթանում նաև ձեռագրերի թվայնացումը, առ այսօր բաժինը թվայնացրել է 520 ձեռագիր: Մատենադարանի կայքէջ` www.matenadaran.am են մուտքագրվել «Մայր ցուցակ հայերէն ձեռագրաց» մատենաշարի 5 հատորները, որոնցից ազատորեն կարող են օգտվել Հայաստանի և արտերկրի բոլոր մասնագետները: Այժմ համացանց են ներմուծվում մեկ այլ խոշոր մատենաշարի` «Մատենագիրք հայոց»-ի հատորները, որը ևս մեծ խթան կդառնա հայագիտության զարգացման համար:
Մատենադարանի տնօրենն իր խոսքում նշեց նաև, որ առանձնահատուկ ուշադրություն է հատկացվում սերնդափոխության խնդրին, որի հրատապության թելադրանքով աշխատանքի է ընդունվել 33 աշխատակից, որոնցից 25-ից ավելին գիտաշխատողներ և գիտական անձնակազմի աշխատակիցներ են: Նա անդրադարձավ նաև հրատարակչական գործունեությանը, որը տարեցտարի նոր թափ է ստանում:
   Մատենադարանի կյանքում ամենախոշոր երևույթն, անշուշտ, գիտական նոր մասնաշենքի կառուցումն է, որը նախատեսվում է ավարտել 2011-ի սեպտեմբերին: «Արդեն վեր է խոյացել այդ եզակի շինությունը, տարածքներով 4 անգամ մեծ առկա օգտակար մակերեսներից, սկսվել են ներքին կառուցապատման աշխատանքները: Մենք պետք է կազմ ու պատրաստ մուտք գործենք այդ եզակի կառույց: Նկատի ունեմ և՛ գիտական, և՛ տեխնիկական ու սպասարկման անձնակազմերի ընդլայնումն ու վերազինումը: Մեզ ամենօրյա լարված աշխատանք է սպասում: Հույս ունեմ, որ այն կպսակվի հաջողությամբ»,- նշեց Հրաչյա Թամրազյանը: Մատենադարանում մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքների մասին գոհունակության խոսքեր ասացին Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, ԳԱԱ հումանիտար և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար Վլադիմիր Բարխուդարյանը, փիլիսոփայության դոկտոր Հրաչյա Միրզոյանը, Մատենադարանի կառավարման խորհրդի նախագահ Սեն Արևշատյանը և ուրիշներ:

Աղբյուրը՝ azg.am
(Ռուզան Պողոսյան)


'