ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ 15-րդ դարի արժեքավոր ձեռագրի նվիրատվություն Մատենադարանին Նվիրատվություն Մատենադարանին Նվիրատվություն Մատենադարանին Մեծարժեք նվիրատվություն Մատենադարանին Մատենադարանը նորից կհարստանա Միհրան Մինասյանի նվիրատվությամբ՝ 1040 ձեռագրով Հայ բարերարները Մատենադարանին նվիրաբերեցին ևս 2 ձեռագիր Մատենադարանին նվիրաբերվեց Նախիջևանից բերված XVII դարի ավետարան Ագուլիսի XVII դարի ավետարանը նվիրաբերվեց Մատենադարանին «Փյունիկ» հիմնադրամը Մատենադարանին նվիրաբերեց ևս 10 ձեռագիր Պետրոս Բերբերյանի ձեռք բերած ձեռագրերն ու վավերագրերը հանձնվեցին Մատենադարանին Նոր Ջուղայեցի բարեգործ Ավո Հովհաննիսյանի նոր նվիրատվությունները Մատենադարանին Մատենադարանը հարստանում է նոր ձեռագրերով և արխիվային ֆոնդերով «Փյունիկ» հիմնադրամի նվիրատվությունը Մատենադարանին Մատենադարանին հանձնվեցին կարևոր ձեռագրեր

Թվային ռեսուրսներ





Տեսանյութ

«ՓՅՈՒՆԻԿ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ


  «Փյունիկ» համահայկական բարեգործական հիմնադրամը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը: Երեկ հիմնադրամի ղեկավարությունը կրկին նվիրատվություն կատարեց. այս անգամ բարեգործները Մատենադարանին նվիրեցին միջնադարյան ձեռագրեր, բանաստեղծ Եղիշե Չարենցի ձեռագրերն ու Վարդգես Սուրենյանցի 23 գծանկար` ամփոփված մի տետրակի մեջ:
  Մատենադարանի գլխավոր ավանդապահ Գևորգ Տեր-Վարդանյանը «Ազգի» հետ զրույցի ժամանակ պատմեց` վերոնշյալ միջնադարյան ձեռագրերը մինչ նվիրատվությունը պատկանել են առանձին անհատների: «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը վճարել է անհատներին ու գնված ձեռագրերը նվիրաբերել Մատենադարանին: Գևորգ Տեր-Վարդանյանը հավելում է` արդեն 3 տարի այդ ձեռագրերը պահվում են Մատենադարանում: Այսինքն` դրանց նախկին տերերն այնքան բարեխիղճ են գտնվել, որ մինչ անհրաժեշտ գումարի վճարումը նախընտրել են ձեռագրերը թողնել ապահով պայմաններում:
«Փյունիկ» հիմնադրամի համանախագահ Գաբրիել Չեմպերճյանն էլ ասում է, որ Մատենադարանին աջակցելու են նաև այլ հարցերում: Հիմնադրամի ջանքերով Մատենադարան կբերվեն նոր սարքավորումներ:
  Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանն էլ բարեգործներին իր երախտիքի խոսքն ուղղելուց հետո ներկայացրեց երեկ նվիրաբերված ձեռագրերը: Դրանցից մեկը XVII դարի, մյուսը XIII դարի Ավետարաններ են, որոնց մեջ զետեղված են մանրանկարչության յուրահատուկ նմուշներ: Հիմնադրամը երեկ նվիրաբերեց նաեւ XVIII դարի բարձրարվեստ գրչության մի Ղուրան, Ե. Չարենցի ձեռագրերի մի հավաքածու և Վարդգես Սուրենյանցի գծանկարները: Չարենցի ձեռագրերի հավաքածուն ներառում է բանաստեղծի 47 ինքնագիր բանաստեղծությունները, նամակներն ու այլ գործեր, որոնք նա գրել է կյանքի վերջին տարիներին:
  Թե ինչպե՞ս են Չարենցի ձեռագրերը հասել Մատենադարան, այս հարցի շուրջը խոսեց արվեստաբան, գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյանը . «Մի քանի տարի առաջ մեզանում խոսում էին, թե ինչ-որ մարդկանց մոտ պահվում են Չարենցի ձեռագրերը, որոնք միգուցե տարվեն արտասահման: Սակայն եղելությունը հետևյալն է` այս ձեռագրերը կազմում էին ավելի ամբողջական, 250 էջանոց հավաքածու ու գտնվում էին թարգմանիչ, արվեստաբան Աշոտ Շաբոյանի մոտ: Եթե չլիներ վերջինս, հավաքածուն արդեն վաղուց արտասահմանում կլիներ, քանի որ գայթակղիչ առաջարկները շատ էին»: Երվանդ Տեր-Խաչատրյանի փոխանցմամբ` մշակույթի նախարարությունը որոշակի գումարով ձեռք բերեց ձեռագրերի մի մասն ու հանձնեց Գրականության ու արվեստի թանգարանին. «Իսկ մյուս մասը` շուրջ 100 էջ, որոնք հիմա գտնվում են Մատենադարանում, մնացին Աշոտ Շաբոյանի մոտ, քանի որ պարզվեց` դրանք գնելու համար նախարարությունը չունի համապատասխան միջոցներ»: Հետագայում ձեռագրերը գնելու այլ առաջարկներ են եղել, սակայն Աշոտ Շաբոյանի հոգածության շնորհիվ դրանք չեն տեղափոխվել արտասահման:
   «Օրեր առաջ Լիբանանում էի, երբ խոսք գնաց Չարենցի այդ ձեռագրերի շուրջը, Գաբրիել Չեմպերճյանն անմիջապես նշեց, որ դրանք արտասահման գնալ չեն կարող, քանի որ դրանց տեղը Հայաստանն է», ասաց Երվանդ Տեր-Խաչատրյանը` հավելելով, որ ավելի պատվավոր տեղ, քան Մատենադարանն է, Չարենցի ձեռագրերի համար լինել չէր կարող:
Հրաչյա Թամրազյանն էլ իր խոսքում նշեց, որ Մատենադարանի ֆոնդերի հարստացմանը մեծ ուշադրություն է դարձվում. «Եվ մեր հավաքածուները հարստանում են բացառիկ արժեքներով»:
   Մատենադարանը հայ ժողովրդի հոգևոր արժեքների կենտրոնն է, և «Փյունիկ» հիմնադրամն իր առջև նպատակ է դրել հնարավորության սահմաններում հայ հոգևոր արժեքները, որոնք ամփոփված չեն այստեղ, վերադարձնել հայ ժողովրդին: «Փյունիկ» հիմնադրամի համանախագահ Լևոն Սարգսյանի խոսքով` հոգևոր արժեքները պետք է կենտրոնացված լինեն մի տեղում` Մատենադարանում, ու լինեն պետական հովանավորության ներքո. «Այդ արժեքները չպետք է մնան անհատների մոտ»:

Աղբյուրը՝ azg.am


'